Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին կօգնի՞ «զինաթափել» Իրանին

Օմանի մայրաքաղաքում իրանա-ամերիկյան առաջին հանդիպման մասին Սպիտակ տունը գրավոր հայտարարություն է հրապարակել: «Հատուկ բանագնաց Ուիթկոֆի այսօրվա (ապրիլի12-ի) ուղղակի շփումը (Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ) փոխշահավետ արդյունքի հասնելու ճանապարհի առաջին քայլն էր»,- ասված է Վաշինգտոնի տարածած տեքսոտւմ: Ըստ այդ՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն Իրանի արտաքին գործերի նախարարին ներկայացրել է Դոնալդ Թրամփի հրահանգը՝ «նման հնարավորության դեպքում երկու երկրների տարաձայնությունները լուծել երկխոսության և դիվանագիտության միջոցով»:

Իրանական կողմի գնահատականը փոխանցել է Tasnim գործակալությունը. «Բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում»՝ հղելով պատվիրակության անդամներից մեկին: Իսրայելական vesty-ն տեղեկություն է փոխանցել, որ բանակցություններն ընթացել են «ոչ ուղղակի ձևաչափով, պատվիրակությունները գտնվել են տարբեր սրահներում, կողմերի միջև տեսակետները փոխանցել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին»:

Բանակցությունների «դրական մթնոլորտի» վկայություն է համարվում, որ անուղղակի շփումներից հետո, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին «առանձնազրույց են ունեցել, որ տևել է մի քանի րոպե»: Որքանով հասկացվում է, այդ ընթացքում էլ ձեռք է բերվել հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն: Կողմերը, ամենայն հավանականությամբ, դարձյալ «ժամադրավայր» կընտրեն Օմանի մայրաքաղաքը:

Առայժմ հրապարակային տեղեկությունը սա է: Vesty.go.il-ը, սակայն, վկայակոչելով ինքնությունը չբացահայտված վաշինգտոնյան աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ բանակցությունների համար «ընդամենը երամսյա ժամկետ է սահմանել»: Ըստ նույն աղբյուրի՝ Միացյալ Նահանգները «պահանջում է Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժում, Թեհրանը վերջնագիր չի ընդունում, իսկ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Թրամփին դրդում է, որպեսզի «զինաթափման պահանջի» մեջ ներառնվի նաև Իրանի հրթիռաշինությունը»:

Ի՞նչ է սպասվում, եթե Թրամփի «իրանական երկամսյակն» ավարտվի առանց սկզբունքային համաձայնության: Հարցի պատասխանը կախված է նրանից, թե կողմերն այդ ժամանակահատվածն ինչպես կօգտագործեն: Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության հետ առաջին հանդիպումը ոչ մի կերպ չի անդրադարձել տարածաշրջանում ԱՄՆ «հարվածային ուժի կուտակմանը»:

Փորձագիտական իշխող տեսակետ կա, որ Իրանը «չափազանց մոտ է ուրանի հարստացման այն մակարդակին, որ թույլ կտա միջուկային ռումբ ունենալ»: Երկու ամիսը բավակա՞ն է, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք բերի կամ հայտարարի, որ այլևս միջուկային տերություն է:

Եվ եթե դա տեղի ունենա, ապա ի՞նչ որոշում կընդունի Միացյալ Նահանգները, կճանաչի՞ միջուկային տերության՝ Իրանի կարգավիճակը, թե Իսրայելի հետ համատեղ գործողությունների կդիմի՞: Չափազանց ուշագրավ է, որ Օմանի մայրաքաղաքում իրանա-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման նախօրյակին Ռուսաստանի պետական դուման վավերացրել է համապարփակ ռազմավարական համագործակցության մասին ռուս-իրանական պայմանագիրը, որ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին ստորագրել են Մոսկվայում:

Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ռուսաստանում Իրանի դեսպանը: «Այդ պայմանագիրը պարտադիր կատարման ենթակա է կլինի Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Իսլամական խորհրդի մեջլիսի հաստատումից հետո: Եվ մենք Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում բազմախոստում մեկնարկի ականատես կդառնանք»,-գրել է նա:

Ռուսաստանը, իհարկե, հասցրել է միջազգայնորեն «չքմեղանալ», թե այդ պայմանագիրը «ռազմական բաղադրիչ չունի», բայց, ամենայն հավանականությամբ, դրան ոչ ոք չի հավատում: Հակառակ դեպքում Դոնալդ Թրամփը հենց ապրիլի 12-ին չէր ստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու հրամանագիրը: Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին կօգնի՞ Իրանին «զինաթափել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *