Ստամբուլի կալանավորված քաղաքապետ և թուրք ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն ուրբաթ՝ ապրիլի 11-ին, առաջին անգամ կանգնել է դատարանի առջև: Նրան մեղադրում են քաղաքի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու համար։ Reuters գործակալությունը նշում է, որ այդ գործով նախկին քաղաքապետին կարող է սպառնալ մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում։
Առաջին դատական նիստում Իմամօղլուն հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ ասելով, որ իր դեմ ներկայացված բոլոր դատական հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ «Ես այստեղ եմ, որովհետև ես հաղթել եմ Ստամբուլի երեք ընտրություններում։ Ես այստեղ եմ, որովհետև Թուրքիայի 86 միլիոն բնակչության սրտերում ես եմ նախագահը»,- ասել է Իմամօղլուն։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 16-ին։