ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության և փոխադարձ հարգանքի վրա:
«Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:
Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորմանն ուղղված քայլերի առանձնահատուկ դերը խորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու և նոր հեռանկարների ստեղծման հարցում:
Հարիվանշ Նարայան Սինգհը մեծապես կարևորել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան՝ ընդգծելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հնդկաստանի պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագծի իրականացմանը՝ շեշտելով, որ Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին:
Նշվում է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, և տարբեր ոլորտներում առկա է մեծ ներուժ:
Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: