Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Սիրիայի այսպես ասած ժամանակավոր նախագահ Ալ Շարաայի հետ: Ըստ ամենայնի՝ հենց այդ հանդիպման համար էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը ֆորումին մասնակցելու համար Անթալիա է հրավիրել Ալիևին: Շարաայի հետ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Էրդողան-Ալիև հանդիպումը:
Իլհամ Ալիևը փետրվարին շնորհավորական ուղերձ էր հղել Շարաային՝ նրան հրավիրելով Ադրբեջան՝ երկկողմ հարաբերությունը քննարկելու համար: Սակայն Շարաայի հետ Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունենում ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում: Դա, ըստ երևույթին, Սիրիայի նախագահի «խնամակալ» Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքն է:
Էրդողանը, ըստ ամենայնի, նախընտրել է, որ դե ֆակտո իր խնամակալության ներքո գտնվող Իլհամ Ալիևն ու Ալ Շարաան հանդիպեն ոչ թե Բաքվում, այլ իր աչքի առաջ՝ Անթալիայում: Դժվար է ասել, թե ո՞ւմ ավելի շատ չի վստահում Էրդողանը՝ Իլհամ Ալիևի՞ն, թե՞ Ալ Շարաային: Թերևս, առաջինը՝ հաշվի առնելով այն, որ չնայած եղբայրության մասին անվերջ հավաստիացումներին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև անվստահությունն ունեցել է մի շարք նկատելի դրվագներ:
Բավական է հիշել միայն, թե քանի անգամ է Ադրբեջանի նախագահը ուղղակի, թե անուղղակի, անձամբ, թե միջնորդավորված «հակաճառել» Թուրքիայի նախագահի կամ այլ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Անկարայի շնորհիվ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը: Միևնույն ժամանակ, զարմանալի էլ չէ, որ Էրդողանը չի վստահում Ալիևին, որքան էլ «վերցրել է խնամակալության»:
Իհարկե, այստեղ թերևս միայն Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերության գործոնը չէ, որ կարող է անվստահության պատճառ լինել Էրդողանի համար: Նա հիանալի է պատկերացնում Իլհամ Ալիևի հավակնությունները, որոնց տեսադաշտում ակնհայտորեն հայտնվել է նաև Սիրիան: Անկարան, թերևս, փորձում է ցույց տալ Բաքվին, որ Սիրիայում թույլ կտա ներկա լինել միայն իր վերադասությամբ