Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում տարածաշրջանում հակամարտություն ունենալ որևէ երկրի հետ. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Սիրիան կրկին հայտնվի ներքին հակամարտության, ռազմական գործողությունների կամ Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող սադրանքների մեջ։ Մենք պարզապես դիտորդի դերում չենք մնա»,- զգուշացրել է նա։
Անդրադառնալով հարցին` արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, Ֆիդանը նշել է․ «Սիրիան իսկապես կարող է հաղթահարել իր բազմաթիվ խնդիրները Թուրքիայի աջակցությամբ։ Մենք ունենք մտադրություն, կարողություններ և, վերջապես, տեսլական»։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի համար բնական է աջակցել Սիրիային այն ոլորտներում, որտեղ դրա կարիքը կա. «Մենք բաց ենք ցանկացած հարցի համար, որը կհամապատասխանի մեր անվտանգության գնահատականներին, սպառնալիքներին և կնպաստի տարածաշրջանում երկկողմ համագործակցությանը»,- հավելել է նախարարը։
Ֆիդանը նշել է, որ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Իսրայելը ոչնչացրել է Սիրիայի կանոնավոր բանակի կողմից օգտագործվող բոլոր ենթակառուցվածքները. «Իսրայելը մշակել է ռազմավարություն, որով նոր ղեկավարությանն ու զինված ուժերին ոչինչ չի մնում, և այդ ռազմավարությունն աստիճանաբար իրականացնում է»,- ասել է նա։ Ընդ որում, նախարարը հստակեցրել է, որ Թուրքիան մտադրություն չունի ուժ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք իր համար սպառնալիք չեն ներկայացնում։
«Եթե խոսքը վերաբերում է մեկ այլ երկրի, կարևոր է, որ այնտեղ անկայունություն չառաջանա։ Եթե հարևան երկրում անկայուն վիճակ է ստեղծվում, որը կարող է սպառնալ նաև մեզ, մենք անտարբեր չենք մնա։ Այդ դեպքում կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ դիվանագիտական»,- պարզաբանել է Ֆիդանը։