Ապրիլի 7-ին՝ իսրայելական ժամանակով 20:00-ին, Սպիտակ տանը նշանակված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը: Իսրայելի վարչապետը Վաշինգտոն է ուղևորվել Հունգարիայի մայրաքաղաքից: Աղբյուրները փոխանցում են, որ նրա ինքնաթիռն օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց Իսրայելի հարավային շրջանները ՀԱՄԱՍ-ի կողմից ենթարկվել են հրթիռային հարձակման, ավելի քան տասը քաղաքացիական անձ վիրավորվել է: «Եդիոտ ախրոնոտի» ռազմական հարցերով թղթակցին հայտնի է դարձել, որ Նաթանյահուն պաշտպանության նախարար Կացին տվել է «ամենավճռական գործողությունների անցնելու հրաման»:
Իսրայելի ընդդիմությունը բացահայտ ծաղրում է Նաթանյահուին՝ հիշելով Գազայում մարտական գործողությունների վեցերորդ ամսում նրա հայտարարությունը, որ գտնվում ենք հաղթանակից մեկ քայլ հեռավորության վրա: «Պատերազմը շարունակվում է մեկուկես տարի, Գազայում ունենք 59 պատանդ, իսկ ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրթիռակոծությունները»,- գրել է vesty.go.il-ի մեկնաբանը և ամփոփել, որ իսրայելցիները հոգնել են օդային տագնապի շչակների ձայնից։
Իրականում ինչ է մտածում միջին-վիճակագրական «սիոնականը»՝ հանրային կարծիքի հարցման արդյունքներ չեն հրապարակվում: Հասանելի մամուլի հրապարակումներից դատելով՝ Իսրայելում հանրությունը խիստ անհանգիստ է Իրանի դեմ հավանական հարձակման հետևանքներից: Ըստ երևույթին՝ անցած աշնանն Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածները բավական ցավոտ են եղել:
Մամուլը հակված է ենթադրելու, որ Նաթանյահուն շտապ կարգով Վաշինգտոն է հրավիրվել ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա այցի նախապատրաստության շրջանակներում: Սաուդցիները մայիսի կեսերին պատրաստ են ընդունել Դոնալդ Թրամփին և քննարկել ամերիկյան տնտեսության մեջ բազմամիլիարդ ներդրումների հարցը, եթե մինչ այդ Գազայում «լռություն հաստատվի»: Ըստ Սպիտակ տան աղբյուրների՝ ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը:
Իսրայելական մամուլը համոզված է, որ Թրամփը և Նաթանյահուն քննարկելու են նաև Իրանի միջուկային ծրագիրը «կանխելու հարցը»: «Եդիոտ ախրոնոտի» ռազմական հարցերով փորձագետը կարծում է, որ, չնայած ձեռնարկված նախապատրաստություններին, ԱՄՆ-ի նախագահի համար «շատ բարդ է Իրանին հարվածելու որոշում ընդունել»:
Իսրայելում, երևում է, նկատելիորեն տպավորված են հարևան մի շարք երկրների Իրանի կողմից արված զգուշացումից: Թեհրանն, ինչպես հայտնի է, Իրաքին, Արաբական միացյալ էմիրություններին, Քուվեյթին, Բահրեյնին, Կատարին և Թուրքիային պաշտոնապես հայտնել է, որ ԱՄՆ-ին ցուցաբերած ցանկացած աջակցություն, այդ թվում՝ օդային տարածքի տրամադրումը կգնահատվի որպես «թշնամական քայլ, որ կունենա լուրջ հետևանքներ»:
Իրանը տիրապետում է այդ երկրներին, տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին և, իհարկե, Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորություն և նույնիսկ չի բացառել, որ կարող է «կանխարգելիչ գործողությունների դիմել»: Ռուսաստանն Իրանի դեմ ուժի կիրառումը «բացարձակապես անընդունելի» է համարել, իսկ Չինաստանը կտրուկ մեծացրել է Թայվանի շուրջ ռազմական ներկայությունը:
Իրանի դեմ ռազմական գործողությունները հղի են Գլոբալ հարավի անկայունության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի սպառնալիքով: Այս առումով, ինչպես արևմտյան շատ փորձագետներ են դիտարկում, Դոնալդ Թրամփը կանգնած է խաղարարի կերպարը կորցնելու կամ Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու երկընտրանքի առջև:
Իսկ Իսրայելի վարչապետին «օդուջրի պես» պետք է Վաշինգտոնից միանշանակ աջակցություն ստանալ: Իշխող կոալիցիան և սեփական իշխանությունը պահելու միակ իրական երաշխիքը դա է: Նաթանյահուի կոալիցիոն կառավարության վարկանիշը շատ ցածր է: Բայց ներիսրայելական խնդիրները կարգավորելու համար Դոնալդ Թրամփը կընդունի՞ Իրանին հարվածելու որոշում: Երուսաղեմի ցանկացած իշխանություն Միացյալ Նահանգների դաշնակիցն է ոչ թե գաղափարական կամ քաղաքակրթական ընդհանրությամբ, այլ գոյատևման երաշխիքների գիտակցմամբ: Կանխատեսումը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց ընդհանուր տպավորություն է, որ Նաթանյահուն Վաշինգտոնից ակնկալիքը չի ստանա: Իսկ ի՞նչ ընթացք կունենա իրանա-ամերիկյան լարվածությունը: Ըստ երևույթին՝ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա այցը սկզբունքային է լինելու նաև այդ հարցում: