Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Քննարկումների օրակարգում երկու հիմնական թեմաներ են՝ Գազայում պատերազմը և մաքսատուրքերը։
Ըստ հրապարակման՝ կողմերը բանակցությունների ընթացքում կանդրադառնան Գազայում 18 ամիս պահվող իսրայելցի պատանդներին, Գազայում հաղթանակի հասնելուն և Իսրայելի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին:
Օրակարգում կլինեն նաև «Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, իրանական սպառնալիքին և միջազգային քրեական դատարանի դեմ առերեսվելուն» առնչվող հարցեր։
Նեթանյահուն հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում «Թրամփը կմեղմացնի Իսրայելի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը»։
«Հուսով եմ, որ կարող եմ օգնել այս հարցում: Սա է իմ նպատակը: Ես առաջին օտարերկրյա առաջնորդն եմ, որը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու Իսրայելի տնտեսության համար այս չափազանց կարևոր հարցը, – ասել է Նեթանյահուն: – Առաջնորդների երկար շարք կա, որոնք ցանկանում են դա անել իրենց տնտեսությունների հետ կապված: Կարծում եմ, որ այն (խմբ.՝ Թրամփի հետ հանդիպումը) արտացոլում է մեր միջև ամուր անձնական կապը, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Իսրայելի հատուկ հարաբերությունները, որոնք չափազանց կարևոր են այս պահին»:
Թրամփի հայտարարած համապարփակ նոր մաքսային քաղաքականության համաձայն՝ իսրայելական ապրանքները 17 տոկոս մաքսատուրքերի են ենթարկվում։
Կնոջ՝ Սառա Նեթանյահուի հետ Վաշինգտոն ժամանելուն պես վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Բլեր Հաուս և հանդիպում անցկացրել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։
Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ հանդիպումը «ջերմ և արդյունավետ» է եղել։
Իսրայելի վարչապետը Վաշինգտոն է ժամանել Հունգարիայից։ Այցն ԱՄՆ-ում նախատեսված է մինչև ապրիլի 8-ը, սակայն տեղեկություններ կան, որ այն կարող է երկարաձգվել։
Ըստ իսրայելցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում, Թրամփն ապրիլի 3-ին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում անսպասելի հրավեր է ուղղել վերջինիս, երբ Իսրայելի առաջնորդը բարձրացրել է մաքսատուրքերի հարցը։