Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը Բաքվում հայտարարել է, որ նախագահ Թրամփը անհամբերությամբ սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Ամերիկացի պաշտոնյան Բաքվում է եղել էներգետիկ թեմաներով համաժողովին մասնակցելու համար: Ադրբեջանում է եղել նաև էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատարը:
Սա բավականին նուրբ պահ է՝ հաշվի առնելով այն կոշտ դիմակայությունը, որում գտնվում են Թրամփն ու Եվրամիության ղեկավարները, ԵՄ առաջատար երկրների էլիտաները: Այդ հանգամանքը բերում է եզրակացության, որ Ադրբեջանի էներգետիկ նշանակության հարցում Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող են լինել մրցակիցներ, եթե նախկինում նրանք գտնվում էին ընդհանուր ալիքի վրա: Համենայն դեպս, դեմոկրատական վարչակազմի շրջանում այդ ալիքը նկատելիորեն ընդհանուր էր, իսկ այժմ՝ նկատելիորեն հակոտնյա:
Դժվար է պատկերացնել, որ առևտրային պատերազմ թևակոխող Բրյուսելն ու Վաշինգտոնը կարող են ընդհանուր նպատակներ ունենալ Բաքվի էներգետիկ ռեսուրսների հարցում: Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի հարցում ընդհանուր նպատակ ենթադրող հայտարարությունները մեծ հավանականությամբ իրենց տողատակում պարունակում են հակասական շերտեր:
Սա կարող է նշանակել, որ հայ-ադրբեջանական խնդրի հարցում հնարավոր է ամերիկա-եվրոպական մրցակցության առաջացում, կամ ամերիկա-եվրոպական դիմակայության տեղափոխում նաև հայ-ադրբեջանական տիրույթ: Այլ կերպ ասած, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում «անհամբերության» մասին հայտարարությունների ներքո առկա է թերևս բավականին խրթին ու բազմաշերտ իրականություն, որտեղ Թրամփը, ըստ ամենայնի, կփորձի թույլ չտալ այն «Գլոբալ դարպասի» կառուցումը, որի հրամայականի մասին ապրիլի 4-ին Սամարղանդում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը՝ մասնակցելով Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԵՄ առաջին գագաթնաժողովին:
Ֆոն Դեր Լայենը հայտարարել է «Միջին միջանցքի» կարևորության և դրա համար հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացման «բեկումնային նշանակության» մասին: Կամ Թրամփն Ադրբեջանի հարցում կդնի խնդիր իր ձեռքում պահել այդ «Գլոբալ դարպասի» բանալին՝ հայ-ադրբեջանական գործընթացին մոտենալով ըստ այդ անհրաժեշտության: