Հայաստանի անվտանգային նոր ակնկալիքը ԵՄ-ից

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ Երևանը ներկայացրել է նոր հայտ՝ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից պաշտպանական աջակցություն ստանալու համար: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Երևանը ստացել է 10 միլիոն եվրոյի աջակցություն՝ դաշտային հոսպիտալի տեսքով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԵՄ պաշտոնյաները, Երևանը կարող է ակնկալել ոչ մահաբեր նշանակության պաշտպանական աջակցություն: Թե ինչ հայտ է ներկայացրել Երևանը նոր չափաբաժնի համար և որքան է այն կազմելու, մանրամասներ հայտնի չեն:

Փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի ու ԵՄ միջև գործակցության վերաբերյալ բանակցություններում ընդգրկված է անվտանգության բաղադրիչը, ինչը չի եղել նախկինում: Դարձյալ մանրամասներ հայտնի չեն, թե ինչ է դա նշանակում: Հայաստանում այս տեղեկություններն ու օրակարգն ընդհանրապես առաջացնում է հանրային արձագանքներ, որոնք, ընդհանուր առմամբ հնարավոր է բնորոշել մեկ բառով՝ խառնաշփոթ: ԵՄ հետ անվտանգության թեմայով քննարկումները և պաշտպանական աջակցությունը հակադրվում է արտաքին քաղաքական և անվտանգային ուղղությամբ Հայաստանի այլ հարաբերություններին, կամ թերագնահատվում իր ոչ մահաբեր բնույթի համար:

Անշուշտ, Հայաստան-ԵՄ հարաբերություններում անվտանգային բաղադրիչի կշիռը ստույգ գնահատելու, հետևաբար դրա քարոզչական նշանակության, թե առարկայական լինելու հարցում ճշգրիտ եզրահանգման համար կարևոր են մանրամասները: Վերջին հաշվով, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության անվտանգային բաղադրիչը պետք է դիտարկել հավելյալ հնարավորության տրամաբանությամբ, եթե այն նույնիսկ կրում է ոչ մահաբեր բնույթ: Ի վերջո, այդ որակի աջակցությունը Հայաստանին կարող է տալ հնարավորություն՝ ավելի շատ ռեսուրս հատկացնել այլ բնույթի պաշտպանական ձեռքբերումների համար, այլ ուղղություններից, այդ թվում արդեն ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ գործակցության մակարդակում:

Հայաստանում ընկալումներն ու գնահատումները՝ անվտանգության հարցում պետության կարիքների բավարարման տեսանկյունից, թերևս պետք է դուրս բերել կամ-կամ տրամաբանությունից, առավել ևս համաշխարհային ներկայիս իրողությունների պայմաններում: Միևնույն ժամանակ, ԵՄ հետ քննարկումների առումով, շատ ավելի կարևոր է այլ հարց, թե որքանով են այդ քննարկումները Հայաստանի համար զուտ սպառողական տրամաբանության մեջ, և որքանով են պարունակում նաև քաղաքական բովանդակություն՝ հաշվի առնելով այն, որ Հին աշխարհամասում ծավալվում է առարկայական խոսակցություն դրա նոր անվտանգության ճարտարապետության շուրջ:

Իսկ այդ ճարտարապետությունը որևէ պարագայում չի շրջանցելու Կովկասը: Հարցն այն է, թե ինչպես, ինչ տրամաբանությամբ է այն ներառելու: Հետևաբար, Հայաստանն այստեղ ունի ոչ միայն սպառողական, այլ մասնակցային դիրքավորման կարիք, որպեսզի այս կամ այն հնարավոր առնչությունների պարագայում Հայաստանը բոլոր դեպքերում լինի սուբյեկտ, ոչ թե օբյեկտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *