ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների գոտում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ բանակցությունները ընթանում են «հենց հիմա»։ Այդ մասին նա ասել է լրագրողներին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։ Թրամփի ելույթը հեռարձակել է Fox News-ը։
«Կարծում եմ՝ շատ շուտով կհասնենք լիակատար հրադադարի, որից հետո կլինի համաձայնագիր։ Այդ հարցը հիմա է քննարկվում՝ խոսքը տարածքների բաժանման և այլնի մասին է»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն իսկ հրադադար է հաստատվել։ «Այս պահի դրությամբ ամեն ինչ բավականին լավ է պահպանվում»,-նշել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հիմքերը դրվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների արդյունքում։
«Պետք է ասեմ, որ շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ։ Կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները, հուսով եմ՝ դրանք իսկապես գոյություն ունեն»,-ընդգծել է Թրամփը։