Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը

Օրերս հայկական պաշտոնական հրավերով Հայաստան ժամանած մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ մասնավորապես նշելով․ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր չի գտնվում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»։

Այդ մասին հայտնում է www.akunq.net- ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Փաշինյանը նաև հայտարարել է․ «Ես թե՛ Հայաստանում ելույթ ունենալիս և թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ զրույցներում ընդգծում եմ պատմության և ներկայի միջև տարբերություն դնելու անհրաժեշտության մասին։ Մենք չենք կարող պատմությունն ու ներկան նույն կերպ ընկալել, քանի որ ներկան ներկա է, իսկ պատմությունը՝ անցյալ»։

Նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձած ՀՀ վարչապետը ասել է, որ երբ անցյալի հետ համեմատում ենք ներկայում երկու կողմերի միջև ծավալվող երկխոսությունն ու համագործակցությունը, նկատում ենք, որ նշանակալի զարգացում և կոնկրետ առաջընթաց է արձանագրվել։

«Ես քաղաքական կամք եմ տեսնում, սակայն կարևորն այն է, որ այդ կամքը երկու կողմերից էլ շարունակի դրսևորվել։ Եթե այդ գործընթացին դիտմամբ փոխադարձ կերպով վնաս չտանք, ապա ըստ իս՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն արդեն միայն ժամանակի հարց կդառնա»։

Թուրք լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է «խաղաղության խաչմերուկին»՝ շեշտելով, որ ինքը, որպես ՀՀ վարչապետ, ցանկանում է օգտվել այդ «պատմական հնարավորությունից»։

Հարցազրույցի շրջանակներում նա շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում Թուրքիայի դերի մասին, որը, ըստ Փաշինյանի, կարող է հավասարակշռող լինել Հարավային Կովկասում։

Այսպիսով, ինչպես և սպասելի էր, Փաշինյանը թուրք լրագրողների միջոցով Թուրքիային և համայն աշխարհին ազդարարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից ՀՀ ներկա իշխանությունների հրաժարման մասին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *