Լաթաքիայում այսօր զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ են դարձել, այլ նրանց սպանել են, հայտնում է «Արևելք»-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հայր եւ որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալիս կանգնեցրել և կրակելով սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։
«Մեր տեղեկություններով, Բուտրոսները այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում, եւ այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Սպանվածներից հոր ծեր ծնողները դեռեւս բնակվում են Կարդահայում։ Բուտրոսները տուն ունեն նաեւ Լաթաքիայում, իսկ դեպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնեական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գյուղից։
Լաթաքիայի Սուրբ Աստվածածային եկեղեցում այսօր կատարվել է նրանց հոգեհանգստյան արարողությունն ու թաղման կարգը, որից հետո՝ հուղարկավորությունը։
Հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսները, «Արեւելք»ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արեւելքում գոյություն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր» անվամբ։ Այս համայնքի ներկայացուցիչները, հիմնականում արաբախոս լինելով, հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են, ձգտում են պահել հայկականությունն ու ինքնությունը, որը դարերի ընթացքում նահանջել է»,- հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Սիրիայի ծովափնյա շրջաններում՝ հատկապես նախկին նախագահ Բաշար Ասադի ազգակիցներով՝ ալավիներով բնակեցված Լաթաքիայում և Տարտուսում զինված բախումներ են նրա կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև։ Տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստացվում, որ կառավարական ուժերի կողմից հարյուրավոր ալավիներ են սպանվել։ Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ կառավարական ուժերը քաղաքացիական անձանց շրջանում շուրջ 350 ալավիների են սպանել։