Բաքուն փակում է նաև ՄԱԿ-ի գրասենյանկը.

Ալիեւը պատրաստվում է Ադրբեջանում փակել ոչ միայն Կարմիր խաչի, այլ նաեւ ՄԱԿ-ի գրասենյակը՝ «Հրապարակ»-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Ադրբեջանը ցանկանում է փակել նաեւ մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ։ Ես՝ որպես պետական կառավարման համակարգի մասնագետ, հրամանատար, սպա, սա դիտարկում եմ որպես պատերազմի նախապատրաստական աշխատանքներ։ Այս կազմակերպություններն Ադրբեջանին խանգարում են իրավական ճակատում մեզ դիմակայելուն»,-ասաց Զեյնալյանը։ Իրապաշտպանը կարծում է, որ այս կազմակերպությունները կարող էին խոչընդոտել Ադրբեջանին եւ օգնել, որ իրավական եւ միջազգային հարթակներում Հայաստանը դիմակայի Ադրբեջանին։ Նախորդ պատերազմներից առաջ էլ Ալիեւն ազատվում էր իրավապաշտպաններից, հետո անցնում կոնկրետ գործողությունների։ 

«Դա նախապատրաստական փուլ էր, ազատազրկեց Ադրբեջանի իրավապաշտպաններին, որից հետո տեղի ունեցավ 2016 թվականի հարձակումը։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Բաքվի այս քայլերը»,- նշեց նա։ Արդյո՞ք միջազգային հանրությունը թույլ կտա, որ Բաքուն իր այս որոշումները կյանքի կոչի։ «Պետք է Հայաստանի իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը, լրագրողները, լոբբիստական կազմակերպությունները լծվեն այդ գործին, որպեսզի միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, թույլ չտան, որ այս կազմակերպությունները փակվեն։ Սա պետք է գնահատվի որպես նախապատրաստություն պատերազմի թեժ փուլում, եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն»,- հավելեց նա։

Ի՞նչ է անում Հայաստանը պաշտոնական մակարդակով, որ Բաքվում չփակվի Կարմիր խաչի գրասենյակը, որ միջազգային հանրությունը գիտակցի այս կառույցի կարեւորությունը՝ հայ ռազմագերիների կյանքի տեսանկյունից։ «Դժվարանում եմ ասել։ Պետք է Հայաստանի իշխանություններին հուշել, որ առանց մուննաթի, առանց խայթելու, կծելու, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Կրկնում եմ՝ այս գրասենյակների փակումը պատերազմի նախերգանք է, նախապատրաստություն է։ Մենք պարտադրել ենք Ադրբեջանին՝ տեղեկություններ տրամադրել մեր վստահորդների վերաբերյալ, որը, իհարկե, Կարմիր խաչի գործունեության հետ կապ չունի, Եվրոպական դատարանի որոշման կատարում է։ Մենք հասել ենք նրան, որ Բաքուն այդ որոշումը պետք է կատարի։ Կարմիր խաչն էլ իր պարտականությունների շրջանակներում ամիսը մեկ անգամ այցելում է գերիներին։ Այն հանգամանքը, որ ադրբեջանցի չկա Հայաստանում, եւ Կարմիր խաչը չունի որեւէ մեկին այցելելու պարտականություն, այս առումով անհավասար պայմաններ են»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանի կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին է հաղորդել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Կարմիր խաչը տեղեկությունը հաստատել է։ Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Ինչպես արդեն գրել ենք, Բաքվում պահվող մեր գերիները բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հույսին են թողնված։ «Հրապարակի» հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատեց տեղեկությունը` նշելով, որ կազմակերպությունը ծանուցվել է այդ մասին եւ անհանգստացած է։ Այժմ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում, որոնք կոնֆիդենցիալ բնույթի են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *