Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները

Hraparak.am-ը գրում է․

Պատմությունն ամբողջությամբ հասկանալի դարձնելու համար ստիպված ենք մի քիչ հեռվից գալ։ Թասիբով մարդկանց քաղաք Գյումրիում մի ընտանիք կա, որին Հայաստանում շատերն են ճանաչում։ Լևոն Բարսեղյանին հանրությունը ճանաչում է, որպես լրագրող, բայց ավելի հայտնի է իր «Ասպարեզ» ակումբով ու տարատեսակ գրանտային ծրագրերով։ Նրա որդի Հայկն ավելի հայտնի է՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին իրականացնում էր SOS նախագիծը, որը կոշտ ու ոչ եթերային բառապաշարով քննադատում էր օրվա իշխանություններին։ Բայց այս ընտանիքին հայտնի դարձրել է ոչ Լևոնի լրագրողական կարիերան ու ոչ էլ Հայկի ռեժիսորական ու սցենարիստական տաղանդը։ Նրանց Գյումրիում ու Հայաստանում հիշում են մի շատ վատ պատմությունով, որը ենթադրյալ մասնակիցներից ոչ մեկը դեռ չի հերքել, բայց որին չենք անդրադառնա՝ ընթերցողին խնայելով։

2018-ին նրանք ակտիվորեն ու բոլոր հարթակներից աջակցում էին Փաշինյանի հեղափոխությանը և այդ օրերին տարբեր պատճառներով բերման էին ենթարկվում ոստիկանություն։ Հայկ Բարսեղյանն առանձնակի ակտիվ էր Ամուլսարի նախագծի դեմ պայքարի ժամանակ։ Հենց այդ օրերին նա հրապարակային հայտարարեց, որ ինքը ուզում է գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ։ Այդ շրջանում շատ գրվեց, որ Ամուլսարի նախագծի դեմ պայքարը համակարգել ու ֆինանսավորել են, այն ժամանակ ԶՊՄԿ-ում պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդիկ, ու նրանց գումարներից պայքարողներին էլ է բաժին հասել։ Հետագայում Հայկը հայտնվեց Սյունիքում ու ճգնավորի կյանքով էր ապրում։ Սակայն անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում և ինչպես է վաստակում օրվա հացը։ Ի դեպ՝ ինչպես Հայաստանում շատերը։ Նրա գործունեությանը հետևողներն ասում են, որ նա տեսախցիկներ է տեղադրել Կապանի տարածաշրջանի տարբեր հատվածներում, հիմնականում Խուստուփի լանջերին ու գրեթե 24/7 ռեժիմով տեսագրում է տեղի ունեցողը։

Թե ում է փոխանցում այդ ծավալի տեղեկատվությունը, դժվար է ասել, սակայն Սյունիքում հիմնավոր կասկածներ ունեն, որ թշնամու թիրախում գտնվող բնակավայրերի տեսագրությունները, այն էլ բարձր որակով, կարող է հետաքրքրել հենց նույն թշնամուն։ Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ այս գործունեությունով Հայկ Բարսեղյանը զբաղվում է արդեն տևական ժամանակ և նրանով ոչ ոք չի հետաքրքրվում եւ նույն հատուկ ծառայությունները նրան հարցեր չունեն։ Այն դեպքում, երբ սահմանամերձ հատվածներում լրատվամիջոցները նկարահանում կատարելուց առաջ պարտավոր են ստանալ ԱԱԾ-ի համաձայնությունը եւ որոշակի տարածքից առաջ գնալ ուղղակի չեն կարող։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *