Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է: Գրում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Թեմայի շուրջ տնտեսագետի ամբողջական հոդվածը` ստորև։
Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականի առաջին կիսամյակում երկրի արտահանումը հասել է 7.9 միլիարդ դոլարի՝ ավելի քան կրկնապատկելով 2023 թվականի նույն ժամանակահատվածի 3.4 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ոչ այնքան դրական իրականություն:
Գծապատկեր 1.
Առաջին գծապատկերը պատկերում է արտահանման կտրուկ փոփոխությունը: Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանումը դեպի Միջին Արևելք սրընթաց կտրուկ աճել է՝ գերազանցելով նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) արտահանումը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա տնտեսական դիվերսիֆիկացման հաջողություն է, սակայն իրականությունն այլ է:
Առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ ապշեցուցիչ 71%-ը, բաժին է ընկնում մեկ ապրանքատեսակի՝ թանկարժեք մետաղներին և քարերին, որի մեջ գերակշռում է ոսկին: Սակայն Հայաստանը չի ապրում ժամանակակից ոսկու տենդ: Փոխարենը, այն դարձել է Ռուսաստանի ոսկու առևտրի կարևոր հանգույց: 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ոսկու արտահանման 88%-ն անցել է Հայաստանով: Կարդալ ավելին՝ 🇷🇺💰🇦🇲 Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան:
Այս երևույթը վերաարտահանման տիպիկ դեպք է, և այն արմատապես փոխել է Հայաստանի առևտրային պատկերը: Մերձավոր Արևելքը` հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, հանկարծակի դարձել են Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը՝ կազմելով 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր արտահանման գրեթե կեսը (48.2%): Սա հսկայական տեղաշարժ է ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ, երբ ԵԱՏՄ-ն և Եվրոպական Միությունը հիմնական առևտրային գործընկերներն էին: