Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել, որում ավտոբուսի ուղևորները վիճաբանում և փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին՝ տրանսպորտի սակագնի պատճառով։
Տեսանյութին կից՝ Չախոյանը գրել է․
«Մեր հասարակության շատ մեծահասակներ իրենց թույլ են տալիս անթույլատրելի վարքագիծ։ Նրանք, ովքեր պետք է սերունդ կրթեն ու օրինակ ծառայեն, հաճախ պահում են իրենց անպատասխանատու կերպով, թունավորում միջավայրը և խեղաթյուրում երիտասարդների մտածողությունը։ Այս մարդիկ, առանց գիտակցելու, դառնում են բարոյական անկման պատճառ։
Հիմնականում հենց մեծահասակներն են, ովքեր ֆեյք էջերով տարածում են ատելություն, վիրավորում մարդկանց, խեղաթյուրում իրականությունն ու օբյեկտիվությունը։
Մեր հասարակությունը չի կարող զարգանալ, եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա կյանքի նոր նորմ։
Այս անընդունելի վարքագիծը արմատավորվեց 2018թ. «հեղափոխությունից» հետո, երբ իշխանությունը միտումնավոր խրախուսեց ատելության քարոզն ու հասարակության պառակտումը։ Ազատ խոսքի անվան տակ նրանք վերահսկողության տակ վերցրին տեղեկատվական դաշտը՝ հասարակությունը պառակտելով բաժանեցին «սևերի» և «սպիտակների»։
Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ բացահայտ պետական մակարդակով ատելության քարոզ՝ սեփական ժողովրդի հանդեպ, ինչը քայքայում է մեր ազգային ինքնությունն ու արժեհամակարգը»։