Ձեր ներկայացրած հաշվարկ-հիմնավորման մեջ կա մի աղյուսակ, որտեղ նշված է 2025 թվականի հունվարի 1-ից շահագործվող ավտոբուսների տարեկան ծախսը, որը կանխատեսվող ծախս է, և այդտեղ դուք «Ժոնգտոնգ», ՄԱՆ, «ԳԱԶԵԼ-սիթի» ավտոբուսների համար մեկ ավտոբուսի մեկ ամսվա ծախս նախատեսել եք, երեքի համար նույն թիվը, 1 մլն 825 հազար 32 դրամ. Ինչու է այդպես: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, տրանսպորտի սակագների փաթեթների օրակարգով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:
«Նույն աղյուսակի մեջ նշված է ընդամենը «Երևան ավտոբուս» ՓԲ կատարվող ծախս 19 միլիարդ 361 միլիոն դրամ։ Նույն ծախսը 2025-ի բյուջեի մեջ նախատեսել եք 17 միլիարդ 278 մլն դրամ: Այսինքն, ուռճացված է նաև բյուջեի համեմատությամբ, և դա վերաբերվում է և մետրոյին, և էլեկտրոտրանսպորտին:
Դուք կանխատեսել եք այստեղ 26 միլիարդ, իսկ բյուջեով, երբ որ այդ թվերը գումարում ենք, ստացվում է 21,7 միլիարդ դրամ: Ինչու է երեք ավտոբուսների համար նախատեսված ամսական միջին ծախսը նույն թիվը, ինչու՞ են թվերը ուռճացված և ինչու՞ են օրինակ, երկու միլիարդ տարբերություն տալիս նույն ժամանակահատվածում տրված կանխատեսվող ծախսերը»,-ասաց նա:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Ձեր նպատակը ոչ թե թվերը հասկանալ է, այլ ամեն գնով ֆիքսելն է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք հաշվել: Բնականաբար նման նախաձեռնություն չեղավ, որ նստենք, իրար հետ հասկանանք, ո՞ր ծախսը ի՞նչ տրամաբանությամբ է հաշվարկված, առաջարկս մնում է բաց:
17 միլիարդը ակնկալվող հավաքագրումն է, 2 միլիարդը ակնկալվող սուբսիդիան է: Դա էլ ձեզ 17-ի և 19-ի տարբերությունը: Եթե դուք երկու թիվ եք տեսել և գտնում եք, որ մեկն ու մեկը սխալ է գրված, ի՞նչ գիտեք, որ 19 է մեծ թիվը գրված, որ ուռճացված է, կարո՞ղ է մի տեղ պակաս է ներկայացված»:
Գրիգոր Իսկանդարյանն էլ հակադարձեց. «2 միլիարդ սուբսիդիա, դուք այդպիսի հասկացողություն չունեք։ Այսինքն, դուք չեք նախատեսել, որ 2 միլիարդ սուբսիդիա եք տալու: Մի ստեք քաղաքացիներին, պարոն Գրիգորյան:
2013 թվին «Հայգեր» ավտոբուսը վերցրել եք, այդ ավտոբուսին վրա հաշվարկ եք արել, բերեք դրել եք «ԳԱԶԵԼ սիթի»-ի վրա:
Դուք 2013 թվի հաշվարկ եք արեք, 25,5% գնաճ եք դրել, 476 դրամ դիզվառելիքի արժեքին 25,5% ավելացրել եք, ստացել եք 600 դրամ, ու դուք ինքնարժեքը հաշվել եք սալյարկի, դիզվառելիքի գնի 600 դրամ հաշվարկով։ Այսինքն, դուք ոչ թե վերցրել եք փաստացի 500 դրամ գինը, այլ վերցրել եք 600 դրամ գինը: Դա պարզապես խայտառակություն է, չի կարելի այդպես անել»:
Քաղաքապետ Ավինյանն էլ նկատեց, որ անցած տարի տրանսպորչտի սուբսիդավորումը նախատեսել էին 4 մլրդ դրամ, սակայն հատկացրել են 7 մլրդ եւ դեռ 1,5 մլրդ դրամ էլ ճեղքվածք կա: