Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն Օնիկ Գասպարյանի միջոցով փորձում «փրկել» Փաշինյանին

ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը հիմա էլ որոշել է գարնանը ներկայացնել: Այս մասին նա հայտնել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, և, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակում։

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը 168.am-ին հայտնել էր, որ 44-օրյայի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահին նամակ կուղարկի դեկտեմբերի առաջին տասնօրյակին:

Երբ արդեն պարզ էր, որ նաև այս ժամկետն է խախտվել, Քննիչ հանձնաժողովի նախագահն անցած տարեվերջի մեր հարցումներին խուսափում էր հստակ պատասխանել, թե այն ներկայացվելու է ԱԺ առաջիկա լիագումար նիստում:

Ինչևէ, 2025 թվականի հունվարի 28-ին Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցում Քոչարյանը վստահեցրել է, թե 2020 թվականի պատերազմի և պատերազմում պարտության հանգամանքներին առնչվող հարցերի շատ պատասխաններ գտնված են, քանի որ հանձնաժողովի լիազորությունները թույլ են տվել ամբողջական տեղեկություն ունենալ, բարձրաստիճան պաշտոնյաների լսել՝ զինվորական և ոչ զինվորական:

Այսինքն, ըստ Քոչարյանի, ստացված տեղեկությունները վերլուծելով, ստացել են մի զեկույց, որը հնարավորություն է տալու շատ հարցերի պատասխաններ տալ, մասնավորապես, թե ինչի հետ էին կապված հայկական կողմի պատերազմական անհաջողությունները՝ կառավարման համակարգի՞, սպառազինությա՞ն, բանակային կառույցների թերի պատրաստվածությա՞ն:

Հետաքրքիր է, որ մոտ մեկ տարի առաջ Անդրանիկ Քոչարյանը, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ հարցին՝ ունե՞նք համապարփակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, պատասխանել էր.

«Ես առանց փակագծեր բացելու՝ ասում եմ ինչ-որ բաներ սպառազինության ձեռքբերման առումով: Դատական պրոցես է գնում, և պաշտպանական գերատեսչության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են նստած, մի մասը գրավով ազատվեց: Անորակ զենքերի ձեռքբերման, հրթիռների մասին է, որով անցնում է ԳՇ պետի նախկին տեղակալը, ԳՇ նախկին պետը, Պաշտպանության նախկին նախարարը: Դատական պրոցես է գնում, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մենք երբ մեկ ձեռքբերման մանրամասն ուսումնասիրություններ կատարեցինք, կարծում եմ, երբ որ եզրակացությունը կներկայացնեմ, մեր հանրությունը կհասկանա՝ մենք ինչի պարտվեցինք»:

Իսկ սրանից օրեր անց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն արձագանքել էր «հրթիռների գործով» անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ այն անվանելով քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն:

Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի մոտ մեկ տարի առաջվա այդ հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Թե ինչո՞վ է պայմանավորված այս և Նիկոլ Փաշինյանին վերաբերող հարցադրումների դեպքում Անդրանիկ Քոչարյանի զգուշավորությունը, կարող ենք ենթադրություններ անել, բայց թողնենք հնարավոր զարգացումներին: Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը Պետրոս Ղազարյանին օրեր առաջ տված հարցազրույցում հիշել էր 44-օրյային առնչվող մոտ 1000 քրեական գործերի և բարձրաստիճան զինվորականներին առաջադրված մեղադրանքների մասին, հատկապես՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին, և, որ պատերազմի ընթացքում նա Ազգային հերոսի կոչման էր արժանացել:

Շեշտենք, որ 44-օրյային առնչվող քրեական գործերով բարձրաստիճան շատ զինվորականների իշխանությունները մեղադրում են ծառայողական կամ պաշտոնական անփութության մեջ, կան նաև անգործության համար մեղադրանքներ:

Վերադառնանք սպառազինության խնդիրներին: Հունվարի 28-ի իր հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը հիշել էր ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ Քննիչ հանձնաժողովի հարցաքննությունից մի փոքր դրվագ:

Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Օնիկ Գասպարյանին հարցրել են, թե ԶՈՒ արդիականացման ծրագիր Նիկոլ Փաշինյանի կամ կառավարության առաջ դրվե՞լ է, ինչին դրական պատասխան է եղել:

«Ասաց, որ ծրագիրը դրվել է՝ բավականին շոշափելի ֆինանսական ապահովման պահանջով: Եվ հարց ենք տվել՝ պարոն Գասպարյան, երբ այդ ծրագիրը դրել ես՝ էսքան միլիարդի զենք է պետք, ինչ պատասխան ես ստացել կառավարության ղեկավարից, ստացել է դրական պատասխան: Քննիչ զեկույցի ներկայացմանը ամբողջ արձանագրությունները կներկայացնեմ»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ պատերազմը շուտ եկավ, և Օնիկ Գասպարյանը չունեցավ բավարար ժամանակ և հնարավորություն այդ ծավալի զենք բերելու, անձնակազմ փոխելու:

Եվ ոչինչ, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե աննախադեպ սպառազինություն է բերվել: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը չի մոռացել նաև նախկիններին՝ պնդելով, թե նրանք ժամանակակից զենքեր չեն բերել, երբ նույն 2019-ին ևս նման զենքեր են գնել, հիմա ավելորդ է նորից հիշեցնել:

Այստեղ հարկ է Անդրանիկ Քոչարյանին հիշեցնել Օնիկ Գասպարյանի 2023 թվականի հունիսի հայտարարությունը, որով արձագանքել էր քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բացատրություններին, որտեղ, իհարկե, նշում է, որ իր առաջարկները Փաշինյանն ընդունել է, բայցև մի շարք կարևոր հանգամանքների վրա էր ուշադրություն հրավիրել՝

– 2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի՝ ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար…

– 2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:

– Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ…

– Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես…:

– Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն…:

– Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ…:

– Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ…:

– 2020թ. հուլիսի 4-ին ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.

– ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն…։

– Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար.

– Քաղաքական և դիվանագիտական բավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար և այլն:

Ի դեպ, իր այս հայտարարության մեջ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը շեշտել էր՝ «վարչապետը պետք է գնահատի ոչ միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները»:

Գեներալը հիշեցրել էր, որ «ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից»:

Այսինքն, զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը:

Ավելին, Օնիկ Գասպարյանը ուշադրություն էր հրավիրել հետևյալ փաստի վրա.

«Պետք է հասկանալ՝ կարո՞ղ էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե՞ ոչ: Եվ շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թե՛ գործող, և թե՛ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու՝ վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենա՞նք, թե՞ ոչ»:

Այս կարծիքին է նաև ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը. նա անընդունելի է համարում հրամանատարների հրամանների քրեական քննության առարկա դարձնելը:

Արդյո՞ք հատկապես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերոնշյալ հրապարակային հարցադրումները քննության առարկա դարձել են, ըստ էության, այդ մասին խոսվել է նաև փակ հանդիպումներում:

Դեռ մի կողմ ենք դնում ԱԽ նիստում 2020 թվականի պատերազմի 4-րդ օրվա՝ 2-3 օրում ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկը՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», այլապես այն ինտենսիվությամբ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վարվել են մարտական գործողությունները, սեղմ ժամկետում մեր ռեսուրսները կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը Պետրոս Ղազարյանի հետ օրեր առաջ տված հարցազրույցում, հիշելով նախկիններին, նրանց ժամանակ բերված սպառազինությունը, և ոչ միայն, ակնարկել է. «Իսկանդերն ի՞նչ կարգավիճակով է ձեռք բերվել, փակ նիստում ես կհնչեցնեմ դրա պատասխանը»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը Ռուսաստանից թույլտվություն ստանալ-չստանալու մասին է: Մյուս կողմից, այն գործի է դրվել: Եվ այստեղ պետք է հիշեցնել նաև, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցը, որի ժամանակ՝ հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանել էր.

«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու համար: Այլ հարց է, որ Օնիկ Գասպարյանի՝ Քննիչ հանձնաժողովում երկու անգամ հարցաքննությունից հետո Քոչարյանը սկսել էր գեներալի հասցեին դիֆերամբներ հնչեցնել: Գուցե ռազմական ղեկավարության ներկայացրած փաստե՞րն են ստիպել:

Ի դեպ, իր հայտարարություններից մեկում Դավիթ Տոնոյանը ևս ակնարկել էր, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովի փակ նիստերում իր արտահայտած որոշ պատասխաններ կարող են «մտահոգիչ» լինել երկրի ղեկավարության համար: Իսկ իր պաշտոնավարման ընթացքում ԶՈՒ զարգացման 2 տեսլական ներկայացրել՝ 2018 հուլիս և 2020 հունիս:

Վերադառնանք Անդրանիկ Քոչարյանի մտքին, թե Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին ԶՈւ արդիականացման շոշափելի ֆինանսական ապահովմամբ ծրագիր է ներկայացրել և դրական պատասխան ստացել, և ժամանակն է եղել պատճառը, որ չեն հասցրել իրականացնել, և հիշեցնենք Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պնդումը: Իսկ նա, մասնավորապես, ասել էր.

«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»:

Գուցե առաջին հայացքից թվա, թե Օնիկ Գասպարյանի և Տիրան Խաչատրյանի պնդումներն իրար էականորեն հակասում են, սակայն, երբ ԳՇ նախկին պետի հայտարարության մեջ հիշատակված չարված բաներին ենք անդրադառնում, թերևս, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Իսկ զեկույցը չի կարող ամբողջական պատկեր ներկայացնել, քանի որ չեն հարցաքննվել ՊԲ երկու հրամանատարները, ՀՀ և Արցախի ԱԱԾ ղեկավարները, Փաշինյանը մերժել է Տոնոյանի հետ միասին հրապարակային հարցաքննության առաջարկը, և այլն:

Այսինքն, մեծ հաշվով, ունենալու ենք քաղաքական իշխանություններին հարմար զեկույց:

Ի դեպ, հարկ է նկատել, որ Անդրանիկ Քոչարյանն այս կամ այն անձի անունը երբեք պատահական չի տալիս՝ լինի դա բացասական, թե դրական քողի տակ: Տվյալ դեպքում խոսքն Օնիկ Գասպարյանի մասին է, սպասենք քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումից առաջ և հետո հնարավոր զարգացումներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *