Հունվարի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտային հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ նա դարձյալ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»:
«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Ալիևը նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:
Ադրբեջանական այս պահանջների ֆոնին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հերթական անգամ հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող վտանգների մասին և այս անգամ նույնիսկ առավել մանրամասն և խորությամբ՝ չանտեսելով նաև Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը»:
Մասնավորապես, արդյո՞ք Հայաստանն այս իրավիճակում խաղաքարտ ունի՝ հարցին Մովսես Հակոբյանը պատասխանել է.
«Այդպիսի բան չկա, որ երկիրն անելանելի վիճակում լինի, բոլոր ժամանակներում ելքեր կան: Պետք է կարողանաս այդ ելքերից ընտրես լավագույնը և առաջ տանես: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործելու է մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռ արդիական է և դեռ լուծումներ կան, որոնք պիտի տրվեն: Թե ինչպիսի որոշում կկայացնի ժողովուրդը, ես չեմ կարող ասել: Բայց այն, ինչ բաց տեքստով ասվում է, ուզում եմ նորից շեշտադրել: Այն թեզը, որ այսօր կառավարությունը տանում է «Խաղաղության խաչմերուկի», թվում է՝ շատ լավ գաղափար է: Եվ այդ «Խաղաղության խաչմերուկ» եզրույթը, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը։- Մ.Պ.) առաջ է տանում, այնտեղ մի արտահայտություն կա, որն ինձ մոտ սարսափ է առաջացնում՝ «փոխադարձության սկզբունքով», այսինքն, ճանապարհների օգտագործումը փոխադարձության սկզբունքով: Ես դա հասկանում եմ հետևյալ կերպ, եթե ես սխալվում եմ, շատ լավ՝ թող սխալվեմ: Փոխադարձության սկզբունքը ես հասկանում եմ այսպես՝ այդ «Խաղաղության խաչմերուկի» ճանապարհները, որ պիտի անցնեն Հայաստանի և Ադրբեջանի միջով, ՀՀ քաղաքացիները և Ադրբեջանի քաղաքացիները բոլորը կարող են օգտվել նույն տրամաբանությունով: Իշխանություններն ասում են՝ մենք էլ կգնանք, իրանք էլ կգան, բայց փակագծերը չեն բացում:
Ովքեր աշխարհագրություն գիտեն և մեր տեղանքը պատկերացնում են, իրականում դա մեզ համար նշանակում է՝ Մեղրիից Նախիջևանով գալ Երասխ: Մեզ համար դա միակ ճանապարհն է, որ կարող ենք օգտագործել Ադրբեջանի տարածքը: Կամ՝ Ղափանից, հիմա Գորիսի հատվածում, որ ճանապարհը փակել են, էդ ճանապարհով Ղափանից Գորիսով գան Երևան: Եվ նույնը նշանակում է, որ Նախիջևանից դեպի Ադրբեջան, ընդ որում, այդ ճանապարհն օգտագործելու են նաև Թուրքիան, ամբողջ միջինասիական երկրների շարժը: Այսինքն, 1 անձ կամ 1 մեքենա Մեղրիից կարող է համարձակվի Նախիջևանով գա Երասխ, բայց 1 միլիոն մեքենա կանցնի էդ ճանապարհով նույն սկզբունքով: Եվ այդ փոխադարձության սկզբունքը, եթե բերեց նրան, ինչ Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի համար բավականին դժվարին պայմաններ է ստեղծելու: Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պարտադրված ստորագրված փաստաթուղթ է, կարելի է ասել, ուշ ստորագրված է, քանի որ կարելի էր մի քիչ շուտ ստորագրել, բայց իրավիճակը հասել է ոսկորին, նոր են ստորագրել, բայցև կարող էր այդպես չստորագրվել: Եվ օրվա իշխանությունները հասկացել են, որ ստորագրման պահին Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի կազմի մեջ, դա չեն կարող ժխտել, և հետագայում նրանց քաղաքականությունն ուղղված է եղել դրան: Դա չեն կարող հերքել: Ի դեպ, նոյեմբերի 9-ից հետո ավելի մեծ վնաս ենք տվել բանակին, քան մինչև նոյեմբերի 9-ը: Մենք մեր հայրենակիցներին ենք բոլորին սարքել թափառական, և զրկել են մեզ հնարավորություններից հետագայում Արցախի մասին մտածելու համար»:
Մովսես Հակոբյանի կարծիքով, այս պահին և այս պայմաններում շատ վտանգավոր և կործանարար է արցախցիների վերադարձն Արցախ, դա տեղի կունենա, և այդ հարցը պետք է բերել օրակարգ, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել արցախցիների անվտանգությունը:
«Ամենաճշմարիտը հայրենիքի բնորոշումը տվել է Գարեգին Նժդեհը՝ «Հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, ուր կհասցնի ինձ իմ զենքի փառքը»: Դա է ինձ համար հոգեհարազատ: Դա է հայրենիքը, մնացածը կարող է պատմական լինել, ծննդավայր: Այսինքն, հայրենիքն այն է, որտեղ կանգնած է հայ զինվորը»,- ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարը:
Հակադարձմանը, որ նույն կերպ կարող է Ադրբեջանն ասել, Մովսես Հակոբյանն արձագանքել է՝ դրա համար դրան հակազդում են, և քո զինվորն է գնում և կանգնում…
Իսկ Շուշիի կորստին վերաբերող հարցին, և այն վարկածներին, որ հայտնի հակահարձակումը, այսպես կոչված, Լելե Թեփեի, այդտեղ կոտրվեց մեր ՊԲ ողնաշարը, որը պիտի պաշտպաներ Շուշին, կա՞ այստեղ ճշմարտություն, Մովսես Հակոբյանը նշել է՝ մասամբ՝ այո, մասամբ՝ ոչ:
«Ի՞նչ է նշանակում՝ հոկտեմբերի 6-7-ին տեղի ունեցած գործողությունը կապել Շուշիի անկման հետ, որն ուղիղ մեկ ամիս հետո է տեղի ունեցել, մեկը մյուսի հետ կապ չունի, կապելն անթույլատրելի է: Թուրքերը ցանկացան գրավել Շուշին, մենք այդքան ունակություն չունեցանք այն պաշտպանելու, ինչպես ժամանակին մենք ցանկացանք գրավել Շուշին, և թուրքերն այնքան էլ ցանկություն չունեին այն պաշտպանելու»,- շեշտել է գեներալը:
Վերադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը փակագծեր է բացել՝ զգուշացնելով.
«Եթե քաղաքական այնպիսի որոշում չլինի, որը բավարարի Ադրբեջանին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի է կոչվելու ավելի վատ հետևանքներով: Մոտավորապես նկատի ունեմ այն, որ եթե Հայաստանն Ադրբեջանին որևէ ճանապարհ չտա Նախիջևանին կապող…, ավելի կոնկրետացնեմ՝ եթե այդ ճանապարհը չլինի, ուրեմն՝ այդ ճանապարհը լինելու է, և դրա անվտանգությունը վերահսկելու է ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ՝ ռուս-թուրքական զորախումբը, որի ղեկավարման կետը մինչև օրս Աղդամում գործում է: Դաժան հեռանկար է, բայց իրականությանը մոտ»: