• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանը՝ ռիսկի գոտում. արտահանման երևացող ու չերևացող կողմերը

ByEditor

Jul 23, 2022

Թեև մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։

Հինգ ամսվա տվյալներով, արտահանումն ավելացել է 27,5 տոկոսով։ Սա իշխանությանը հպարտանալու լավ առիթ է տվել։ Իսկ թե ի՞նչ կա թաքնված դրա տակ, ոչ մեկը չի ուզում խոսել։

Տարօրինակ է նաև այն, որ արտահանումն աճել է Վերին Լարսում ստեղծված լուրջ դժվարությունների պայմաններում։ Բեռնափոխադրողները շաբաթներով հերթերի մեջ են մնում և չեն կարողանում ժամանակին իրականացնել մատակարարումները։ Թվում է, թե դրանից արտահանումը պետք է մեծապես տուժեր, բայց, ինչպես տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ, առաջընթաց տեմպերով ավելացել է։

Դա տեղի է ունեցել նաև տնտեսության արտահանելի հատվածի ամենակարևոր ոլորտում արտադրության ծավալների չնչին աճի պայմաններում։ Խոսքն արդյունաբերության մասին է։ Այն ժամանակ, երբ արտահանումը մեր երկրից ավելացել է 25,7 տոկոսով, արդյունաբերության աճը, որը պիտի լիներ ապրանքների հիմնական մատակարարը, կազմել է ընդամենը 2,7 տոկոս։

Գյուղատնտեսության մեջ, ինչն ապրանքների արտահանման մյուս կարևոր մատակարարն է, նույնիսկ անկում է գրանցվել։

Մեր տնտեսության այս 2 առանցքային հատվածներում տնտեսական իրավիճակը բարվոք չէ, բայց պաշտոնական վիճակագրության համաձայն, արտահանման բավական բարձր տեմպ ունենք։ Դրանում, իհարկե, մասնագետները տեսնում են վերարտահանման ազդեցությունը։ Երբ այլ երկրներից տարբեր ապրանքներ ներմուծվում են Հայաստան և Հայաստանից վերարտահանվում ռուսական շուկա։ Պատժամիջոցներից հետո ռուսական շուկայում բազմաթիվ արտասահմանյան ապրանքների դեֆիցիտ է առաջացել, ու դա լավ հնարավորություն է ստեղծել տարբեր երկրների գործարարների համար՝ վերարտահանման միջոցով մատակարարումներ իրականացնել ու գումարներ վաստակել ռուսական շուկայում։

Դրանից, ըստ էության, օգտվում են նաև հայաստանյան, գուցե նաև ոչ հայաստանյան գործարարները։ Կարելի է ընկերություն գրանցել Հայաստանում ու դրա միջոցով ներմուծումներ իրականացնել Հայաստան, իսկ հետո արտահանել Ռուսաստան։

Մեր արտահանման այս տարվա բարձր աճը բացատրվում է նաև սրանով։ Թեև դա կարծես սկսել են հասկանալ նաև պատժամիջոցներ կիրառող երկրները։ Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք կարող են դառնալ ռուսական շուկա պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մատակարար։

«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանել է որոշ ընդհանուր փոխաբեռնման կետեր, որոնց միջոցով, ինչպես հայտնի է դարձել, իրականացվում է սահմանափակված կամ վերահսկվող արտահանում դեպի Ռուսաստան և Բելառուս: Այդ կետերը ներառում են, բայց չեն սահմանափակում Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ուզբեկստանը»,- օրերս հայտարարեց Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն։

Վերջիններս կոչ արեցին ուժեղացնել զգոնությունը Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտահանող վերահսկողությունից խուսափելու պոտենցիալ փորձերի նկատմամբ:

Թե այս հայտարարությունից բխող հետևանքներն ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի համար, ժամանակը ցույց կտա։ Մինչ այդ արտահանումը մեր երկրից ավելանում է։ Տարվա առաջին 5 ամիսներին այն կազմել է 1 մլրդ 385 մլն դոլար, ինչը շուրջ 299 մլն դոլարով ավելի է նախորդ տարվանից։

Սրա մեջ, իհարկե, կա նաև դրամի ամրապնդման ազդեցությունը։ Դրամով արտահայտված մեր արտահանումն ավելի քիչ է աճել՝ շուրջ 16 տոկոս։ Բայց քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաշվարկները կատարում է դոլարով, ստացվում է, որ դոլարի փոխարժեքի անկումը և դրամի ամրապնդումը լրացուցիչ աճ է գրանցում մեր արտահանման հաշվին։

Հիմա տեսնենք, թե ինչի՞ հաշվին է ավելացել արտահանումը։

299 մլն դոլար աճից շուրջ 78 միլիոնը եղել է՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, 67 միլիոնը՝ ոչ թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի հաշվին։ Ընդհանուր այս երկու ապրանքախմբերի գծով արտահանումն ավելացել է 145 միլիոնով։ 299 միլիոնից 145 միլիոնը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղներն են։

Մնացած 154 միլիոնից 37 միլիոնը բաժին է ընկնում պատրաստի սննդին, և 29 միլիոնը՝ հանքահումքային արտադրանքներին։

Հանքահումքայինի մեջ հիմնականը պղինձն է։ Պղնձի արտադրության և արտահանման ծավալներն այս տարի նվազել են, բայց միջազգային շուկաներում ձևավորված բարձր գների պարագայում ունեցել ենք արտահանման աճ։ Սա մեր տնտեսության ու տնտեսական զարգացումների հետ մեծ հաշվով որևէ կապ չունի։ Հանքարդյունաբերության ոլորտում 5 ամսում արտադրության ծավալները բավական կտրուկ նվազել են՝ ավելի քան 12 տոկոսով։ Պղնձի խտանյութի արտադրությունն էլ կրճատվել է գրեթե 17 տոկոսով։ Չնայած դրան, միջազգային շուկաների բարձր գները նպաստել են, որ հանքահումքային ապրանքների արտադրության գծով ունենանք արտահանման աճ։

Թեև վերջին շրջանում մետաղների, այդ թվում՝ պղնձի գները միջազգային շուկայում սկսել են նվազել։

Նախկինում տոննայի հաշվով պղնձի գինն անցնում էր 10 հազար դոլարից, անկումից հետո տատանվում են 7,1-7,2 հազար դոլարի շրջակայքում։

Սա առաջիկայում հավանաբար իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտից արտահանման արձանագրվող աճի ցուցանիշների վրա։

Այս պահին ունենք իրավիճակ, երբ պատրաստի սննդի և հանքահումքային արտադրանքի հաշվին մեր արտահանումն ավելացել է 66 մլն դոլարով։ Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների արտահանումն աճել է 154 միլիոնով, պատրաստի սննդինը և հանքահումքային արտադրանքինը՝ 66 միլիոնով։ Ընդհանուրը՝ 220 մլն դոլար։

Արտահանման ոլորտում գրանցված 299 մլն դոլար ավելացումից 220 միլիոնն ահա այս ոլորտներում են։ Մյուս տեղերում աճի ծավալներն այնքան էլ մեծ չեն։ Երբեմն էլ պարզապես կապ չունեն մեր տնտեսության հետ։

Ասենք՝ մեքենաների արտահանումը, որը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 39 մլն դոլար։ Դա էլ, ամենայն հավանականությամբ, եղել է Հայաստանում կուտակված տրանսպորտային միջոցների վերարտահանման արդյունքում։ Չի բացառվում, որ ավտոմեքենաների ներմուծումը և վերարտահանումը շարունակվել է նաև այս տարվա ընթացքում։ Պատժամիջոցների հետևանքով մեծացել է արտասահմանյան ավտոմեքենաների պահանջարկը ռուսական շուկայում։

Հիմնականում ահա այս ոլորտների հաշվին է ավելացել արտահանումը։ Բայց դրանց զգալի մասում մեր տնտեսության մասնակցության աստիճանը շատ ցածր է։ Ասենք՝ թանկարժեք քարերի արտադրությունը, որտեղ բավարարվում ենք ընդամենը որոշակի ծառայություն մատուցելով։ Չնայած դրան՝ արդյունաբերության այդ հատվածը բավական շոշափելի մասնակցություն է ունենում մեր արտահանման ցուցանիշների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *