• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կենտրոնական բանկը սկսել է դոլար կուտակել

ByEditor

Jul 23, 2022

Դոլարի ավելցուկն ու փոխարժեքի անկումը լավ նախադրյալ է ստեղծել Կենտրոնական բանկի համար փող կուտակելու։ Վերջին ամիսներին ԿԲ տարադրամային պահուստները սկսել են ակտիվ աճել։ Հուլիսի 1-ի դրությամբ դրանք հասել են 3 մլրդ 415 մլն դոլարի։

ԿԲ արտարժութային պահուստների ակտիվ կուտակումը նկատվել է մարտից հետո։ Մինչ այդ՝ տարեսկզբին դրանք նույնիսկ նվազել էին։ Եթե անցած տարվա վերջին արտաքին պահուստները հասնում էին 3 մլրդ 230 մլն դոլարի, ապա մարտի վերջին կազմել էին 2 մլրդ 940 մլն դոլար։ Երեք ամսվա ընթացքում տարադրամային պահուստները կրճատվել էին 290 մլն դոլարով։

Մարտից հետո, երբ տեղի ունեցավ դրսից արտարժութային միջոցների ակտիվ տեղաշարժ դեպի Հայաստան, պահուստները կրկին սկսել են ավելանալ։ Բայց ավելի շատ ավելացել են հատկապես հունիսին։

Ապրիլին ԿԲ տարադրամային միջոցներն աճել են 128 մլն դոլարով։ Մայիսին աճը կազմել է 83 միլիոն։ Արդեն հունիսին պահուստները համալրվել են ևս 264 միլիոնով։

Ընդհանուր առմամբ 3 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկը կուտակել է 475 մլն դոլար՝ պահուստները հասցնելով 3 մլրդ 415 մլն դոլարի։

Նախկինում երբևէ ԿԲ-ն այդքան տարադրամային ռեզերվներ չէր ունեցել։ Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով ներքին շուկայում էապես ավելացավ արժույթի առաջարկը, նախադրյալ ստեղծվեց տարադրամի պաշար կուտակելու համար։ Թեև ոչ միշտ է ԿԲ-ն գնացել շուկայից տարադրամի ավելցուկը հանելու ճանապարհով։ Դրա հետևանքով ունենք դոլարի և եվրոյի փոխարժեքի բավական մեծ անկում։ Երեք-չորս ամսվա ընթացքում դրամը ներքին շուկայի այս երկու հիմնական արժույթների նկատմամբ հասցրել է արժևորվել 15-20 տոկոսով։

Որքան էլ Կենտրոնական բանկը հակված չէ դրամի թուլացմանը, այնուհանդերձ որոշակի քայլեր կատարել է տարադրամի ավելի մեծ անկում թույլ չտալու համար։ Այդ քայլերն էլ բերել են տարադրամային պահուստների համալրմանը։

Եթե այս գումարները մնային շրջանառության մեջ, ապա տարադրամի արժեզրկումը շատ ավելի մեծ չափերի կարող էր հասնել։ Դա, իհարկե, կլիներ Կենտրոնական բանկի օգտին, բայց դրանով տնտեսության խնդիրներն ավելի կխորանային։

Կունենայինք դրամի ավելի մեծ ամրապնդում՝ տնտեսության համար ավելի ծանր հետևանքներով։

Առանց դրա էլ որոշ ոլորտներ, մի քանի ամիս է, կրում են արժութային շուկայի բացասական ազդեցությունը։ Արդեն խոսվում են վնասներ կրող ճյուղերում ապագայի ծրագրերը սառեցնելու, արտադրության ծավալները կրճատելու, մարդկանց աշխատանքից ազատելու նախաձեռնությունների մասին։

Դրամի ավելի մեծ ամրապնդումից գուցե կշահեր գնաճը, բայց դա կլիներ ի վնաս տնտեսության։

Վերջերս ԿԲ նախագահը հայտարարեց, որ տարադրամի էժանացման արդյունքում հաջողվել է գրեթե 3 տոկոսով ավելի քիչ գնաճ ունենալ, քան ունենք։ Սա նշանակում է, որ, եթե հիմա գնաճը 10,3 տոկոս է, ապա առանց դրամի ամրապնդման՝ կարող էր լինել առնվազն 13 տոկոս։ Սոցիալական առումով դրա հետևանքները շատ ավելի մեծ կլինեին սպառողների վրա։ Մյուս կողմից էլ՝ կունենայինք գների ավելի մեծ անկայունություն։

Կենտրոնական բանկն ունի գների կայունության ապահովման խնդիր, որը վաղուց դուրս է եկել նախատեսված ու չնախատեսված բոլոր սահմաններից։ Դրա համար էլ ԿԲ-ն բավական զգուշավոր վարքագիծ է դրսևորում արժութային շուկայում։ Միջամտություններ եղել են, բայց ոչ այնպիսի ծավալներով, որ հանգեցնեին տարադրամի փոխարժեքների վերականգնմանը։

Պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, որ ապրիլին Կենտրոնական բանկն արժութային շուկայում գնել է 67 մլն դոլար։ Տարադրամային ճնշումը փոխարժեքների վրա պահպանվել է, բայց մայիսին ԿԲ-ն շուկայից գնումներ չի կատարել՝ չնայած վերջերս բանկի նախագահը հայտարարեց, որ այս ընթացքում բավական մեծ քանակությամբ տարադրամ են գնել։ Արժութային շուկայում հունիսին ԿԲ գործողությունների վերաբերյալ տվյալները դեռևս չեն հրապարակվել. ենթադրվում է, որ դա եղել է հիմնականում այդ ամսին։ Ըստ էության, դրանով է պայմանավորված նաև հունիսին Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստների այդքան կտրուկ համալրումը։

Դոլարի ավելցուկը, առավել ևս՝ փոխարժեքի այդքան անկումը նպաստավոր միջավայր է ստեղծել տարադրամի կուտակման համար։ Բայց դրա հետ կապված՝ քիչ չեն նաև խնդիրները։

Մինչև հիմա՝ չնայած ԿԲ-ն որոշակի գործողություններ կատարել է դրամի ավելի մեծ ամրապնդում թույլ չտալու համար, ինչն ուղեկցվել է նաև արտաքին պահուստների համալրմամբ, այնուհանդերձ ստիպված է եղել խուսափել դրամի թուլացումից։ Որպես արդարացում՝ հայտարարվել է, որ վարվում է լողացող կուրսի քաղաքականություն, ինչի պայմաններում նպատակահարմար չի համարում իրականացնել դրամի արհեստական արժեզրկում։

Իհարկե, վերջին շրջանում «լողացող կուրսի քաղաքականությունը» մի տեսակ սկսել է ճաքեր տալ։

Կենտրոնական բանկը կարծես նահանջում է իր նախկին կոշտ դիրքորոշումից՝ տեղի տալով տնտեսությունից, նաև գործադիր իշխանությունից եկող ճնշումներին։ Պատահական չէ, որ դրամը սկսել է արժեզրկման միտումներ ցույց տալ։ Ճիշտ է, փոխարժեքների վրա ազդեցությունը դեռ մեծ չէ, բայց տարադրամի որոշ թանկացում նկատվում է։ Մի պահ դոլարի միջին փոխարժեքն իջել էր 410 դրամից, հիմա 420 դրամի շրջանակներում է։

Սա 2 բան կարող է նշանակել՝ դադարել է տարադրամի նախկին ակտիվ հոսքը դեպի Հայաստան, կամ Կենտրոնական բանկն ավելի մեծ քայլերով է սկսել չեզոքացնել դրա ազդեցությունը փոխարժեքների շուկայի վրա։

Թե հատկապես ո՞ր գործոնի ազդեցության արդյունք են նկատվող դրսևորումները՝ այս պահին դժվար է ասել։ Գուցե 2 գործոն էլ ունեցել են իրենց դերը։

Ամեն դեպքում՝միտումը շուկայում դրամի թուլացման ուղղությամբ է։

Որքա՞ն դա կտևի, կապված է բազմաթիվ հանգամանքների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի անմիջական գործողությունների հետ։ Ցանկացած պարագայում, շատ կարևոր է, որ փոխարժեքների հետ կապված դրսևորումները հնարավորինս սահուն լինեն։ Հակառակ դեպքում կարող են սկսվել սպեկուլյատիվ խաղեր՝ մեծացնելով շուկայի անկայունությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *