TikTok տեսածառայությունը հայտարարել է, որ կվերականգնի իր աշխատանքը Միացյալ Նահանգների օգտատերերի համար երեկ երեկոյան դրա արգելափակումից հետո, հայտնում է NBC News-ը։
TikTok-ի հայտարարության մեջ ասվում է, որ իր տեսահարթակը վերադառնում է ցանց այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտ երաշխիքներ է տրամադրել ընկերության ծառայություններ մատուցողներին:
«Մեր ծառայություններ մատուցողների հետ համաձայնությամբ, TikTok-ը գտնվում է սպասարկման վերականգնման գործընթացում, – ասվում է TikTok-ի X սոցցանցում արած հայտարարության մեջ:- Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Թրամփին անհրաժեշտ հստակություն մտցնելու և մեր ծառայությունները մատուցողներին վստահեցնելու համար, որ նրանք որևէ տուգանքների չեն ենթարկվի՝ TikTok-ը ներկայացնելով ավելի քան 170 միլիոն ամերիկացիների և թույլ տալով ավելի քան 7 միլիոն փոքր ձեռնարկությունների բարգավաճել: Սա վճռական դիրքորոշում է ի պաշտպանություն Առաջին փոփոխության և ընդդեմ կամայական գրաքննության: Մենք կաշխատենք նախագահ Թրամփի հետ երկարաժամկետ լուծման վրա, որը կպահպանի Tik Tok-ը Միացյալ Նահանգներում»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր երկրում ծառայությունը վերականգնելու հրաման տալ՝ միաժամանակ առաջարկելով ԱՄՆ-ին վաճառել ընկերության բաժնետոմսերի 50%-ը։
Շաբաթ օրը TikTok տեսահարթակն անհասանելի էր Միացյալ Նահանգների օգտատերերի համար, քանի որ պաշտոնապես ուժի մեջ է մտել հանրահայտ սոցիալական մեդիա հարթակի արգելքը:
Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ի Apple և Google հավելվածների խանութներից՝ անհասանելի դարձնելով այն ներբեռնման համար:
TikTok-ն ԱՄՆ-ում ունի 170 միլիոն օգտատեր։
Չինական Bytedance ընկերության այլ հավելվածները, այդ թվում՝ Cap Cut, Lemon 8 և Gauth, հանդես են եկել նմանատիպ հաղորդագրություններով և նույնպես անհասանելի էին շաբաթ երեկոյան ԱՄՆ-ում շատ օգտատերերի համար:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց օրենք, որը պահանջում էր TikTok-ի չինական ByteDance մայր ընկերությանը վաճառել TikTok-ը ոչ չինացի սեփականատիրոջ, հակառակ դեպքում այն պետք է արգելվեր:
Գերագույն դատարանն ուրբաթ օրը հաստատել է օրենքը՝ ճանապարհ հարթելով ԱՄՆ-ում հավելվածի փակման համար։