Նիկոլ Փաշինյանը Տավուշում սահմանազատման և սահմանագծման ոչ իրավական, «պիլոտային» գործընթացի օրերին Կիրանցի և Ոսկեպարի բնակիչներին պատերազմով էր վախեցնում և վստահեցնում, որ սահմանի ճշգրտման են գնում պատերազմ թույլ չտալու համար:
«Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, սա է պատճառը, որորոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- 2024 թվականի մարտին Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր նա:
Սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի ունեցավ. ավելի ճիշտ՝ դա նման էր միակողմանի զիջումների: Հարցազրույցներից մեկում անգամ իշխանամերձ փորձագետներից մեկն էր խոստովանել, որ «Տավուշի հատվածում ՀՀ-ի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով ավելի էական են, քան Ադրբեջանինը»:
Բայց սա, բնականաբար, չի վերացրել պատերազմի վտանգը, եթե չասենք՝ «բացել» է Ադրբեջանի ռազմական ախորժակը, ինչի ապացույցն Ալիևի հունվարի 7-ի հարցազրույցն է, որտեղ սպառնալիք է համարվում անկախ Հայաստանը՝ որպես «ֆաշիստական» պետություն, ինչպես նաև՝ զինվող Հայաստանը:
«Արմենպրեսին» տված իր հարցազրույցում Փաշինյանն ընդունել էր, որ Բաքուն Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, փորձում է տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» կամ «լեգիտիմություն» ձևավորել, բայցև շեշտել, որ Ալիևի ռազմական սպառնալիքները Հայաստանին չեն շեղելու խաղաղության օրակարգից:
Եվ քանի որ Փաշինյանը որոշել է մնալ կանգնած իր գծած «խաղաղության խաչմերուկում», նա հանրությանը ևս փորձում է զուտ էմոցիոնալ և հոգեբանական առումով հետ պահել պատերազմի վտանգից:
Մինչդեռ իրական Հայաստանից խոսող երկրի ղեկավարը պետք է իր աչքի առաջ ունենա վատագույն սցենար, և բանակին ու հանրությանն առանց մանիպուլյացիաների և վախերի ներշնչման, պատրաստի դրան, այսինքն՝ երկիրը դնի ռազմական ռելսերի վրա, հատկապես, երբ սկսել է ընդունել իր ընդդիմախոսների այն պնդումները, որ պարտադրված և մուրացած խաղաղությունը խաղաղություն չէ, որ խաղաղությունը պետք է կառուցել:
Այլ հարց է, որ առանց հզոր բանակի, հզոր դիվանագիտության՝ դա հնարավոր չէ, և Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ. նրան թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է խաղաղություն պարտադրել, և ոչինչ, որ Փաշինյանն ինքն իրեն համոզել է, թե կարողանում է, կամ այնքան անկախ է, որ արտաքին միջավայր է կառավարում:
Ի դեպ, հետաքրքիր է, որ հունվարի 12-ին համապատասխան գրառման մեջ Փաշինյանն «ինքնիշխանություն» բառը կիրառել է միայն ներքին հարաբերությունները կառավարելու համատեքստում: Գուցե կլինեն մարդիկ, որ կասեն՝ «անկախ» և «ինքնիշխան» բառերի միջև տարբերություն չկա, բայց իրականում այստեղ «նուրբ տարբերություններ» կան, մոտավորապես այնպես, ինչպես «ապահովել» և «երաշխավորել» բառերի դեպքում:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակմանն առնչվող կետում «ապահովելը» փոխարինվել է «երաշխավորելով»:
Այնպես որ, վերը նշված դեպքում ինքնախոստովանության նման մի բանի ականատես ենք դառնում, երբ Փաշինյանն իր ինքնիշխանությունը կարողանում է բանեցնել միայն կուսակիցների կամ իր կառավարության անդամների վրա կամ դեմ:
Իսկ հանրության շրջանում պատերազմական տրամադրություն ստեղծել-չստեղծելը դեժավյու է առաջացնում:
168.am-ը ոչ մեկ անգամ գրել է, որ Փաշինյանը 2020 թվականին հանրությունից թաքցրել է պատերազմի փաստը, ընդ որում, 44-օրյայից մեկ օր առաջ: Մասնավորապես, ինչպես պատերազմից հետո ԱԺ-ում մի առիթով խոստովանել էր Փաշինյանը, «սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել», ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարգադրություն էր արձակել այն մասին, որ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելուն և կանխելուն, և, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, սրանից առաջ այլ կարգադրություններ ևս եղել են։
Բայց Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», 2020 թվականի սեպտեմբերի 26-ին «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված է հրապարակում, որում, մասնավորապես, նշվում էր.
«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը…
Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված,հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։
Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։
Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։
Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։
Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»,- գրել էր «Հայկական ժամանակը»:
Թե ինչ եղավ հետո և ինչ ասաց Փաշինյանը բանակի և նրա պատրաստության մասին՝ ավելորդ է հիշեցնել:
Հիմա ռազմական էսկալացիայի վտանգը երկրի գլխին կախված՝ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, որ ինքն ի զորու է խաղաղություն կառուցել՝ անվտանգային առաջնային գործոն չհամարելով զինված ուժերին:
Ի դեպ, Փաշինյանը մինչև հիմա չի հրապարակել պատերազմից ժամեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստատեսությանը Փաշինյանի հարցազրույցի անոնսն էր հրապարակվել, որտեղ նա ասում է.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»:
Հավելենք, որ սկզբնական հարցազրույցը պետք է եթեր գնար սեպտեմբերի 27-ին, ժամը 21:50-ին:
Իսկ պատերազմ ոչ մեկը չի ուզում, խաղաղության գինը պատերազմ տեսածներից ու պատերազմում որդի, ամուսին, ծնող, ընկեր կորցրածներից ավելի լավ ոչ ոք չգիտի, բայց Փաշինյանի արածն ընդամենը խաղաղություն ներշնչելու սեանս է, և ոչ ավելին, իսկ պատերազմի վտանգը նա ի զորու չէ չեզոքացնել:
Այս համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ այս տարվա հունվարի 12-ի Փաշինյանի մեկ այլ գրառմանը:
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետև…
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետև…
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետև…
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
է) Армяне всего мира, гуляют так красиво…»:
Նախ այստեղ մանիպուլյացիա կա, քանի որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմ են եղել նախկին իշխանությունները, և այս համատեքստում տարածքային պահանջներ չեն դրվել:
Երկրորդ, իհարկե, կենաց ասողներ միշտ են եղել, բայց այն, ինչ այսօր Փաշինյանը գրում, հայտարարում է և անում է, ոչ պակաս կենաց է, հատկապես, երբ ինքը և իր թիմակիցներից շատերը չեն ծառայել բանակում:
Երրորդ, Փաշինյանի իշխանության օրոք բանակից ազատման փորձերն ու այդ տրամաբանության մեջ կոռուպցիոն դեպքերը քիչ չեն:
Չորրորդ, 2024 թվականի նոյեմբերին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով զորակոչին, մասնավորապես հայտարարել էր.
«Զորակոչը շարունակում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իր թիմակից պաշտպանության նախարարի առաջարկին ականջալուր է եղել և իր շրջապատում համապատասխան պրոցեսներ սկսել: Եթե ոչ, ուրեմն սովորական կենաց ասող է, բացի «ադրբեջանական ֆրիլանսեր» լինելուց:
Հ.Գ. Ի դեպ, Փաշինյանը ժամանակ առ ժամանակ վստահեցնում է, որ իր օրոք բանակն ապաքաղաքական է, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում աշխատած, նախկին իշխանություններից օգտված, նրանց անվտանգային քայլերը քարոզած, հիմա էլ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությունը վայելող Արծրուն Հովհաննիսյան անունով սպան, ռազմական ակադեմիայի պաշտոնյան շարունակում է խախտել քաղաքական չեզոքությունը և թիրախավորման տակ պահել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այդպես է լինում, երբ միայն ուսադիրներով ես զինվորական, բայց ոչ տեսակով…