Հունական Ethnos պարբերականում հունվարի 10-ին հրապարակվել է լրագրող Կոստաս Զիսիդասի «Ադրբեջան-Հայաստան. երկու հակադիր ուղիներ՝ ռազմականացում ընդդեմ խաղաղության» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադառնում է Հայաստնի դեմ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությանը և հանգամանորեն ներկայացնում հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Մասնավորապես, նշված է․
«Տարին շատ ակտիվ է սկսվել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձները կարդալով՝ արդեն նկատվում է հակադրությունը։
Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցնում՝ ատելություն սերմանելով հայերի դեմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը (հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան փոքր հատվածի սահմանազատումը) ներկայացնելով որպես վերանվաճում առանց պատերազմի:
Կրքերը հազիվ էին հանդարտվել, երբ ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 7-ին, Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի դեմ նոր հայտարարություններ արեց, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը և ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի գոյության համար։
Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, ասել է.
«Կարծում եմ, որ տեղին կլինի, որպեսզի ՀՀ վարչապետը հանդիպի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ, որքան գիտեմ, նրանք պատրաստ են անգամ Երևան գնալ»:
«Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգ պայմաններում չեն հաստատվել Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արևմտյան Զանգեզուրում»:
Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքը երբևէ Ադրբեջանին պատկանող հողեր են։ Խաթարելով Հայաստանի ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ՝ նա հայտարարել է, թե. «միջանցքն (առանց հայկական կամ մաքսային հսկողության) իրականություն է դառնալու՝ ուզենա հայկական կողմը, թե՝ոչ»:
2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն առաջինը սկսեց խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի գրեթե բոլոր հոդվածները։ Ամենակարևոր հոդվածներից մեկը՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին, խախտվեց Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումից մեկ ամիս անց։ Մյուսները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ավելի ուշ կոպտորեն խախտվեցին հանգեցնելով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտմանը։
Յուրովի մեկնաբանելով 2020 թվականի հայտարարությունը՝ Ալիևը ներմուծեց «Զանգեզուրի միջանցք» աշխարհաքաղաքական տերմինը, որն, ըստ Ադրբեջանի ղեկավարի, պետք է գործի արտատարածքային իրավասությամբ։ Սա, ըստ էության, կնշանակի ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կտրելով այն Իրանից՝ Թուրքիան կապել մնացյալ թյուրքալեզու աշխարհի հետ։
Այս ծավապաշտական ծրագրին պետք է անպայման դիմադրի ոչ միայն Իրանը, այլև ողջ արևմտյան աշխարհը։
Ադրբեջանն այժմ «քաջալերվել է» Սիրիայում Թուրքիայի հաջողություններից և Թրամփի հաղթանակը մեկնաբանում է որպես սեփական էքսպանսիոնիզմի հնարավորություն։ Հարցազրույցում Ալիևը շարունակում է.
«Զանգեզուրի միջանցքը կիրականացնենք անկախ նրանից՝ Հայաստանը ուզում է, թե՝ ոչ»:
Ավելի ու ավելի անզիջում և ծավալապաշտ դառնալով՝ Բաքուն արդեն իսկ ստեղծել է ֆիզիկական ենթակառուցվածք Հայաստանի ներսում իր ծրագրերն իրականացնելու համար. 2021 թվականից ի վեր ադրբեջանական զորքերն առաջ են շարժվել Հայաստանի արևելյան ինքնիշխան սահմանի մոտ․ ռազմավարություն, որը հետազոտողները նկարագրում են որպես «սողացող անեքսիա»:
«Միջանցքի» մասին հայտարարության ամենասկանդալային հատվածն այն է, երբ Ալիևը զգուշացնում է, թե «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Սա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար ժխտում, որը բնութագրվում է որպես ինչ-որ «աշխարհագրական արգելք»։ Միջազգային իրավունքում դա համարժեք է casus belli-ի:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ նա ընդգծում է եղբայրական Թուրքիայի հաջողությունները Մերձավոր Արևելքում, որոնք լավ օրինակ են նաև իր համար։
«Թող Հայաստանի ղեկավարությունը նկատի ունենա, որ Մերձավոր Արևելքում իրենց մերձավոր դաշնակիցը՝ Ասադի բռնապետությունը, արդեն նետվել է պատմության աղբանոցը»։ «Սա շարունակվելու է, ուստի նրանք պետք է ճիշտ քայլ կատարեն»:
Միևնույն ժամանակ, սպառնալով Եվրամիությանը և Հայաստանում դիտորդական առաքելությանը՝ նա նշում է. «Ես չեմ ուզում նրանց ցույց տալ, թե որքան արագ նրանք կարող են հեռանալ այնտեղից, եթե որևէ մեկը պատահաբար փռշտա Ադրբեջանի տարածքում»:
Ամփոփելով նախագահ Ալիևի պատերազմական սադրանքը՝ հստակ է դառնում, որ նա չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար»:
Կոստաս Զիսիդասն իր հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանն ու ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի պատասխանին Ալիևի այգրեսիվ հայտարարություններին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին հայկական կողմը պատասխանել է վարչապետի և արտգործնախարարի մակարդակով։
Արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվն ուղղակի տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։
«Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան անվանելը արդեն իսկ ցույց է տալիս, որ նրանք մտադրություններ ունեն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ»։
Միրզոյանը մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որպեսզի կամուրջ հանդիսանա Հարավային Կովկասում և իր հարևանությամբ գտնվող բոլոր երկրների միջև՝ հարգելով նրանց տարածքային ամբողջականությունը, ներքին իրավասությունը և ինքնիշխանությունը՝ առանց բացառության: Խաղաղության խաչմերուկն իր հերթին ստեղծում է ավելի լայն միջազգային օրակարգ՝ ներառյալ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ մի շարք միջազգային դերակատարներ բարձր են գնահատել նախագիծը։
«Նախաձեռնության բաղադրիչներից է հայ-ադրբեջանական տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։ Մենք ադրբեջանական կողմին առաջարկություններ ենք արել նաև այս ուղղությամբ։ Առաջարկն արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում, ապա հայկական կողմը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով Ադրբեջանին է փոխանցել ամենաընդգրկուն և գրավոր տարբերակը։ Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի սկզբնական արձագանքը, գոնե իմ տպավորությամբ, բավականին դրական էր։ Ցավոք, մինչ օրս պաշտոնական պատասխան չենք ստացել»,- ասել է Միրզոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նույնպես արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը»:
Խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին՝ վարչապետ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը» և մտադիր է այն իրականացնել։
«Մեր օրակարգում այլ նախագիծ չկա։ Խաղաղության խաչմերուկը ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացում․: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և նույնն է ակնկալում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում։
Ամփոփելով իր հարցազրույցը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը»։
Վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի գրառման մեջ (հունվարի 9-ին) ասել է, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը բառացիորեն կարող է նշանակել միայն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքների արևմտյան հատվածները և կոչ է արել Բաքվին հրաժարվել իրավիճակը լարող պահանջներից»,- եզրափակվում է Ethnos պարբերականի հոդվածը։