• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երրորդ երկրներից ավտոմեքենաների մաքսազերծման գումարի մի մասը կվճարի պետությունը. որոշում

ByEditor

Dec 7, 2023

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների՝ ՀՀ-ում ազատ շրջանառության համար պետությունը մաքսազերզման գումարի մասով աջակցություն կտրամադրի: Այս մասին որոշումը Կառավարության նիստին ներկայացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ծրագրով պետության կողմից մաքսազերծման գումարի փոխհատուցում կտրամադրվի բոլոր այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3-րդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը:

«Փոխհատուցումն իրականացվելու է հետևյալ չափերով. մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մասով փոխհատուցվելու է վճարման ենթակա գումարի 40 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու է մարքսազերծման գումարի 60 տոկոսը, իսկ պետությունը փոխհատուցելու է մնացյալ 40 տոկոսը: 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցման չափը կկազմի ընդհանուր գումարի 70 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու է ընդամենը հաշվարկված մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի 30 տոկսոսը, իսկ պետությունը կփոխհատուցի մնացյալ 70 տոկոսը»,- ասել է Սմբատյանը:

Մեկ այլ նախագծով նախատեսվում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանել դրամական ապահովում, այսինքն՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիների կողմից 3-րդ երկրների համարանիշերով ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում՝ դրամական միջոցների ներդրման նպատակով հատուկ դեպոզիտային բացված հաշվին հաշվարկվող հարկերի և մաքսատուրքերի 100 տոկոսի չափով:

«Հատկանշական է, որ նախագծով նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ այդպիսի ապահովումներ ներկայացնելու պահանջը չի վերաբերելու ԵԱՏՄ երկրների այն քաղաքացիներին, որ ԵԱՏՄ անդամ երկրներում հաշվառված ավտոմեքենայով կժամանեն ՀՀ, և միաժամանակ չի վերաբերի նաև երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք իրենց երկրներում հաշվառված ավտոմեքենաներով նույնպես կժամանեն ՀՀ: Այսինքն՝ ավտոտուրիստների և իրենց անձնական մեքենաներով ՀՀ գործարար այցելություն ունեցող անձանց նկատմամբ առաջարկվող փոփոխությունը որևէ բացասական հետևանք չի կարող ունենալ»,- ասել է նա:

Նա պարզաբանել է, որ պահանջը կիրառելի կլինի այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները, ԵԱՏՄ երկրների այլ քաղաքացիները ՀՀ կժամանեն 3-րդ երկրում հաշվառված ավտոմեքենաներով:

«Այսինքն՝ մի կողմից 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվում է խիստ պահանջ, որը կկանխարգելի ՀՀ քաղաքացիների կողմից 3-րդ երկրների համարանիշներով ավտոմեքենաների ձևական, ժամանակավոր ներմուծմանը, մյուս կողմից հնարավորություն կտրվի նույն մեր քաղաքացիներին՝ մինչև 2023-ի դեկտեմբերի 30-ն օգտվել պետական աջակցության ծրագրերից և մաքսազերծել այդ մեքնենաները»,- ասել է Սմբատյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման կարգավորման պահանջ առաջացել է այն ժամանակ, երբ Հայաստանում վրացական մեքնենաների թիվն աճել է, ըստ որոշ տվյալների՝ մոտ 9000 նմանատիպ մեքենա կա Հայաստանում:

«Ամենայն հարգանք ունենալով ամենայն վրացականի նկատմամբ՝ կարծում եմ՝ այս դեպքում մենք խնդիր ունենք, այդ թվում՝ պետության հանդեպ, և ընդհուպ մեքենայի պետհամարանիշը նույնպես պետականության որոշակի ատրիբուտ է, և մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցնրել է, որ Վրաստանում ավտոմեքենաների մաքսատուրքերն էականորեն ավելի քիչ են, քան ՀՀ-ում, և որ կարելի էր նաև մաքսատուրքերն իջեցնելու որոշում կայացնել, բայց դա ԵԱՏՄ կարգավորում է, և ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ խնդիրը լուծել:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց՝ կարգավորումը 30-օրյա ժամկետում է գործելու:

«Ով հնարավորությունից օգտվեց, կկարողանա մաքսազերծել ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան և կստանա Կառավարության աջակցությունը: Ով մինչև դեկտեմբերի 31-ը չօգտվեց այդ հնարավորությունից, արդեն երբ կգա իր համար նախատեսված ժամկետի ավարտը (սովորաբար դրանք 12 ամսով ներմուծման իրավունք են ունենում), մեկինը կգա մայիսին, մեկինը կգա ապրիլին կամ մարտին, իրենք ստիպված կլինեն դրամական դեպոզիտը դնել, բայց էլ հնարավորություն չեն ունենա Կառավարության աջակցությամբ նվազեցված չափերով մաքսազերծել: Պետք է քաղաքացիները հաշվի առնեն, որ ունեն 30 օր ժամանակ»,- ասել է նա: