• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

68 մլն դրամ կհատկացվի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

ByEditor

Nov 10, 2023

ՀՀ Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը:

Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպումը։

Բացի այդ, կարևորելով միջազգային հյուրախաղերը և նկատի ունենալով, որ համայնքային թատրոնների բեմահարթակները հարմարեցված չեն բալետային ներկայացումների ցուցադրությանը՝ ձեռք բերված պրոֆեսիոնալ հատակածածկը լայն հնարավորություն կընձեռի նաև մարզային շրջագայությունների համար:

Այսպիսով, բալետային թատերախմբի աշխատանքներն արդյունավետ և որակով կազմակերպելու, արտիստների արտադրական վնասվածքները կանխելու, հանդիսատեսին պատշաճ ներկայանալու նպատակով փորձասենյակների և բեմի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան բալետային հատակ:

Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին