«Պատասխանը կարող եմ կապույտ եզրագծով պնակի վրա դնել ու ուղարկել Արարատ Միրզոյանին, դե թող իր կառավարության «տակից» դուրս գա»

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց՝ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատման գործընթաց։

«Իհարկե, մենք համոզված ենք, որ մասնավորապես Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլև լայն տարածաշրջանին, և ինչպես Ադրբեջանի պարագայում, այնպես էլ այս պարագայում ևս տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն էական խաղաղության ու կայունության գործոն կդառնա տարածաշրջանում»,- իր խոսքում նշեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով Արարատ Միրզոյանի այս հայտարարության, մասնավորապես՝ «Կարս-Գյումրի երկաթգծի շահագործման արդյունքում մեծ տնտեսական հնարավորությունների» մասին, նախ հիշեցրեց՝ ճանապարհը 1993 թվականի ապրիլին փակել է Թուրքիան, երբ Արցախի զինված ուժերն ազատագրեցին հայոց միջնաբերդ Քարվաճառը, որը 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով առանց մեկ փամփուշտի հանձնվեց Ադրբեջանին։

«Ճանապարհը փակել է Թուրքիան, հետևաբար՝ խոսել ճանապարհի բացման մասին, ուղղակի սոփեստություն է, անտրամաբանական է։

Իրենք հարցն այլ կերպ են դնում՝ ինչ զիջումների գնանք, որպեսզի Թուրքիան բացի ճանապարհը, որպեսզի կարողանան այդ զիջումներն արդարացնել, հանրությանը մոլորեցնում են, թե այդ ամենը կբերի էական տնտեսական դրական արդյունքի, մարդիկ կսկսեն լավ ապրել։ Սա անամոթ սուտ է, հիմնավորված չէ։ Պատգամավոր դառնալուս առաջին օրվանից փորձել եմ այս իշխանություններից ստանալ հաշվարկներ, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա այդ ճանապարհի բացումը։ Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, զավեշտը հասել է նրան, որ Էկոնոմիկայի նախարարությունն ինձ պատասխանում է՝ հղում կատարելով Համաշխարհային բանկի 2000 թվականի ինչ-որ ուսումնասիրության վրա։ 20 տարի առաջ ուսումնասիրության վրա հղում կատարելով՝ իրենք ինչ-որ դատողություններ են անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով, եթե նման ուսումնասիրություն լիներ, ապա իշխանությունն իրենց «աչքը կմտցներ»։

Այս համատեքստում պատգամավորը նաև հարց է բարձրացնում, թե Հայաստանն ի՞նչ է արտադրում, որ վաճառի Թուրքիային։ Հայաստանի համար Թուրքիան կարող է հետաքրքրական լինել՝ զուտ որպես տրանզիտային երկիր, բայց ի՞նչ կպահանջի Թուրքիան Հայաստանից տրանզիտի համար։

«Եթե տրանզիտ ես անում, ի՞նչ ես արտադրում, որտե՞ղ ես ուզում դա վաճառել, եթե այդ տրանզիտի կարիքն ունես։ Այս իշխանությունները խոսում են տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, բայց Հայաստանի տնտեսության ռիսկային, կործանարար կախվածությունը Ռուսաստանից երբեք այսքան մեծ չի եղել։

Հիշեցնեմ, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը 6 ամիս, հետո կրկին 6 ամիս էմբարգո էր հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ։ Ունեմ Էկոնոմիկայի նախարարության պատասխանը, թե ինչ դրական ազդեցություն է ունեցել այդ էմբարգոն ՀՀ տնտեսության վրա։ Կարող եմ կապույտ եզրագծով պնակի վրա դնել ու ուղարկել Արարատ Միրզոյանին, դե թող իր կառավարության պատասխանի «տակից» դուրս գա։

Էկնոմիկայի նախարարությունը սևով սպիտակի վրա գրել էր՝ էմբարգոն ունեցել է Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն։ Այնպես որ, Թուրքիայի առաջ վիզ ծռելը և զիջումների գնալու քաղաքականությունը չփորձեն հիմնավորել Հայաստանի համար դրական ազդեցությամբ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը նաև ընդգծեց, որ տնտեսական անվտանգությունն առաջնահերթ է, որովհետև եթե թուրքական ապրանքները ներխուժեն Հայաստան, ապա Հայաստանի արդեն հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությունը կարող է ուղղակի շունչը փչել։

«Քավ լիցի, ես չեմ ասում, որ ՀՀ սահմանները պետք է փակ լինեն ու տնտեսական հարաբերություններ չլինեն, բայց դու պետք է այդ տնտեսական հարաբերություններին պատրաստ լինես։ Այդ իշխանությունները որևէ բան չեն արել, որպեսզի մեր տնտեսությունը պատրաստ լինի թուրքական տնտեսական էքսպանսիային, սա է իրականությունը։ Պատկերացրեք՝ թուրքական էժան գյուղատնտեսական ապրանքը մտնի Հայաստան, ի՞նչ են անելու մեր գյուղացիները։ Կամ Հայաստան մտնի թուրքական էժան տեքստիլը, հայկական տեքստիլ ձեռնարկություններն ի՞նչ են անելու։ Վերջապես Հայաստանը հավերժ չի կարող Ռուսաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների տրանզիտային կետ լինել ոսկու էքսպերտի համար։

Այլ անվտանգային բաղադրիչ չեմ պատկերացնում, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկացած պահի կարող են Հայաստանի դեմ ագրեսիա սկսել՝ անկախ նրանից՝ այդ երկաթգիծը կա՞, թե՞ չկա»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *