Ալիևը Փաշինյանին «սպառնում է» Ասադի ճակատագրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանի դեմ հնչած հայտարարություններում թեև ոչ մի նոր բան չկա, բայց ամեն դեպքում փորձել ենք առանձնացնել դրանցից մի քանիսը:

Դրվագ առաջին

ՀՀ նախկին նախագահների փոխարեն՝ Ալիևը պատասխանեց Փաշինյանին

 2024 թվականի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի միջոցով ՀՀ նախկին նախագահներին բանակցային ամբողջ գործընթացի շուրջ բանավեճի էր հրավիրել և պնդել, որ՝ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

Բոլոր նախագահները, բնականաբար, մերժել էին Փաշինյանի բանավեճի հրավերը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան Փաշինյանի՝ առաջարկել էր հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հորդորել էր բանավիճել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

Իսկ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ձեռնոց էր նետել Փաշինյանին և բանավիճելու պատրաստակամություն հայտնել, ինչն արձագանք չէր գտել, որից հետո բանակցային գործընթացին քաջատեղյակ արտաքին գործերի նախկին նախարարն ինքն էր փաստաթղթային ապացույցներ ներկայացրել, որ Փաշինյանը ստում է իր պնդումներում:

168.am-ն իր՝ «Ռեալ քաղաքական բանավեճերից փախնողը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր Փաշինյանի նաև ռազմաքաղաքական փախուստներին:

Իսկ երեկ Ալիևն իրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ բանավեճի չհրավիրած Փաշինյանին արձագանքել է՝ հաստատելով, որ նա ստում է:

Մասնավորապես, Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահները կամ համանախագահող երկրները գոնե այն ժամանակաշրջանում, երբ ինքը ներգրավված է եղել, պաշտպանել են հայկական կողմին:

«Սա ես ասում եմ՝ որպես մարդ, ով 2004 թվականից ՄԽ-ի շրջանակում բանակցություններ է վարել և հանդիպել է այդ «եռյակի» հետ բազմաթիվ անգամ: Ուստի մենք չէինք կարող ակնկալել, որ երկխոսության միջոցով կարող էինք վերադարձնել այդ տարածքները, ինչպես նաև՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Ադրբեջանի ղեկավարը:

Դրվագ երկրորդ

Տավուշի գյուղերի վերադարձի մասին կետը եռակողմ հայտարարությունից հանվել է, բանավոր պայմանավորվածությունների օրակարգից՝ ոչ

Տեղական հեռուստալիքներին իր հարցազրույցում Ալիևը հաստատել է մեր այն պնդումը, ինչի մասին բազմիցս գրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից Տավուշին առնչվող կետը հանվել է, սակայն «Ղազախի գյուղերի» հարցը շարունակել է մնալ Ալիև-Փաշինյան բանավոր պայմանավորվածությունների օրակարգում: Իսկ ավելի ուշ բուն գործընթացը սկսվել է հենց Ադրբեջանի պահանջով և նրան հարմար պահի, այսինքն՝ Տավուշում սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացն իրենից միակողմանի զիջումներ է ներկայացրել:

«Դա տեղի է ունեցել ոչ թե դիալոգի, այլ մոնոլոգի արդյունքում: Իսկ այն, որ Հայաստանը պարտադրված-կամավոր հանձնեց այդ գյուղերը, կարծում եմ, դրան հանգեցրին մի քանի գործոն. առաջինը՝ 2020 թվականի հայրենական պատերազմը և դրա արդյունքները, երկրորդը՝ «հակաահաբեկչական» օպերացիան:

Իմ վերջին պահանջը Նիկոլ Փաշինյանից՝ վերադարձնել «Ղազախի 4 գյուղերը», ներկայացվել է մոտ 1 տարի առաջ՝ անցած տարվա փետրվարին: Իսկ այդ թեման միշտ եղել է օրակարգում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, դրանից առաջ դա անիմաստ էր, քանի որ օկուպացիայի գլխավոր խնդիրը լուծված չէր: Իսկ պատերազմից հետո «Ղազախի գյուղերի» վերադարձի թեման միշտ օրակարգում է եղել, ավելին, եռակողմ հայտարարության պայմանների համաձայնեցման փուլում այն ևս բարձրացվել է: Բայց այն ժամանակ դրան չհաջողվեց հասնել կոնկրետ պատճառներով, բայց մենք գիտեինք, որ ցանկացած դեպքում դրան հասնելու ենք»,- մանրամասնել է Ալիևը:

Նշենք, որ Փաշինյանն ասում էր, թե իր որոշմամբ է Տավուշի մասին կետը հանվել եռակողմից, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դրանում շեշտել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ջանքերը, իսկ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ իր և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի:

Փաստ է, որ Փաշինյանը երկար ժամանակ թաքցրել է Տավուշի մասին բանավոր պայմանավորվածությունները և այս հարցում դիմել է մանիպուլյացիաների և, իհարկե, պատասխանատվությունը դրել բանակի վրա: Չմոռանանք նաև, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ 3-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնում պայմանագիրը չերկարաձգվեց հենց Տավուշի տարածքների հանձնման տրամաբանության մեջ:

Իսկ թե կոնկրետ ինչ պատճառներ նկատի ունի Ալիևը, երբ խոսում է եռակողմից Տավուշի կետը հանելուց, մի օր պարզ կդառնա: Սակայն փաստ է, որ Ալիևն այս հարցում ևս սառը հաշվարկներ է կատարել, ինչի մասին, ըստ էության, չի թաքցնում: Փաշինյանին ուղղված Ալիևի «հարվածները» այսքանով չեն սահմանափակվում:

Դրվագ երրորդ

Ալիևը և Փաշինյանի կարգավիճակի իջեցված նշաձողը

Վերը նշված հարցազրույցում Ալիևը կրկնել է՝ Փաշինյանը պետք է հանդիպի «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին: Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարն ակնարկել է, որ սա քննություն է՝ Հայաստանը ժողովրդավարակա՞ն երկիր է, թե՞ ոչ: Այսինքն, Ալիևը խոսում է միջազգային հանրությանը հասկանալի լեզվով:

Նշենք, որ այս առաջարկը Փաշինյանն արել էր դեռ 2024 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ 168.am-ը գրել էր, որ Ալիևն «իջեցրել է» Փաշինյանի կարգավիճակի նշաձողը և ներկայացրել այս իրավիճակի նախապատմությունը: Այսինքն, Ադրբեջանի ղեկավարը, ցավով պետք է նշել, չի դիտարկում կարգավիճակային առումով հավասարազոր բանակցող, ուստի իրեն թույլ է տալիս նաև հրահանգներ տալ Հայաստանի ռազմաքաղաքականության, ներքին քաղաքականության վերաբերյալ: Ավելին, Ալիևը Հայաստանը ներկայացնող անձին դիտարկում է՝ որպես ենթակայի:

Դրվագ չորրորդ

Ալիևը Փաշինյանին սպառնացել է՝ կարժանանա Ասադի ճակատագրին

Ալիևը հերթական անգամ «գրողի ծոցն է ուղարկել» Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը», և հայտարարել, որ իրենց պայմաններով պետք է իրականացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, և, որ Հայաստանը չի կարող աշխարհագրական պատնեշ լինել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։

Ավելին, Ալիևը Փաշինյանին, ըստ էության, «սպառնացել է», որ կարող է արժանանալ Ասադի ճակատագրին՝ հիշեցնելով Ասադի ռեժիմին աջակցող բոլոր հայտարարություններն ու քայլերը:

Դրվագ հինգերորդ

Ալիևի հրահանգը՝ Փաշինյանին

Իր վերջին հարցազրույցում Ալիևը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի, ինչի համար ժամանակ առ ժամանակ լեգիտիմ հիմքեր է ստեղծում, իսկ նպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետություն անունով պետության վերացումը, ինչի մասին արդեն շատ ավելի բաց է խոսում:

«Հայաստանն իրականում իրենից սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Անկախ Հայաստանը, ըստ էության, «ֆաշիստական» պետություն է (չակերտները՝ Մ.Պ.), քանի որ 30 տարի այն ղեկավարել են «ֆաշիստական» գաղափարախոսություն ունեցողները, ուստի նրանք էլ ձևավորել են այդ պետությունը: Մեր երկիրը «ֆաշիստական» պետության հարևան է, ֆաշիզմի սպառնալիքը չի վերացել: Ֆաշիզմը պետք է ոչնչացվի: Կամ դա կանի ՀՀ ղեկավարությունը, կամ՝ մենք, այլ ընտրություն չունենք»,- հայտարարել է Ալիևը:

Այստեղ Ալիևը և՛ փորձում է օգտագործել դիվանագիտական լեզու, և՛ արտահայտում է իր վախերը ՀՀ նախկին հաղթանակած նախագահների հետ կապված, և՛ հերթական անգամ իր «ենթակային» հրահանգներ է տալիս:

Չմոռանանք, որ ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Այսինքն, Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանել էր այս դեպքում այլ փոխշահավետ գործարքով: Իսկ վերջին հարցազրույցում, ըստ էության, Ալիևը կոնկրետ հրաման էր տվել Փաշինյանին:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ կլինեն նոր ռազմական, քաղաքական ձերբակալություններ:

Բնականաբար, կարող ենք նաև ենթադրել, որ հզոր պայքար կսկսվի ազգային ուժերի դեմ, երբ աշխարհում նրանց համար նոր դարաշրջան է բացվում: Նիկոլ Փաշինյանը կախվածության մեջ է Ալիևից և Էրդողանից, և սեփական անվտանգության հարցն է լուծում, այլ հարց է, որ ինչպես հարցազրույցում Ալիևն է զգուշացրել, իրենց ձեռքը մի օր իրեն էլ է հասնելու: Իսկ թե ինչո՞ւ Փաշինյանը չի օգտագործում այն կոնֆիդենցիալ տեղեկությունը, որը կարող է իրար խառնել Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը, կարող ենք միայն ենթադրել:

Դրվագ վեցերորդ

 Ալիևը պահանջում է Հայաստանից՝ խզել բոլոր երկրների հետ ռազմական պայմանագրերը

Բնականաբար, իր հարցազրույցում Ալիևը չէր կարող շրջանցել Հայաստանի զինումը, ինչի հետ կապված վաղուց է պահանջներ առաջ քաշում, որ պետք է սահմանափակումներ մտցվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ, որոնց համար հենց Նիկոլ Փաշինյանն է լեգիտիմ հիմքեր ստեղծել, ինչի մասին բազմիցս գրել ենք:

Բոլորովին վերջերս Փաշինյանը հայտարարել էր, որ բանակի ֆունկցիոնալ նշանակությունը պիտի փոխվի:

Թե որն է զինված ուժերի գործառույթը, սահմանադրական պարտականությունը՝ լավ գիտենք, իսկ ավելի վաղ Փաշինյանը բանակի առաջ լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ էր դրել, ավելին՝ նա կոնկրետ «հաղորդում» էր տվել ՀՀ զինված ուժերի դեմ:

Եվ բնական է, որ այսքանից հետո Ալիևը պետք է է՛լ ավելի կոնկրետացներ իր պահանջը:

«Հայաստանը պետք է շատ արագ դադարեցնի վերազինումը: Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք զենք են մատակարարում Հայաստանին, պետք է չեղարկեն այդ պայմանագրերը: Իսկ արդեն մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի: Սա է մեր պայմանը»,- ընդգծել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանի զինումը սպառնալիք է տարածաշրջանի համար, և, որ իրենք իրենց ռազմական բյուջեն հենց այս պատճառով են ավելացրել, մինչդեռ այդ գումարները կարող էին ուղղել այլ նպատակների իրականացմանը, Արցախի օկուպացված տարածքների վերականգնմանը:

Այսինքն, մի կողմից՝ Ալիևը ներքաղաքական խնդիր է լուծում, սեփական հանրությանը մեսիջներ ուղարկում, մյուս կողմից՝ Հայաստանի վրա հարձակման լեգիտիմ հիմքեր է ստեղծում՝ խառնելով ՀՀ-ի ներքին գործերին, երբ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել, և դրա պատճառը հաստատ Հայաստանի զինումը չէ, հատկապես, երբ ինքը՝ Ալիևը, ընդունում է, որ սպառազինության մրցավազքում Հայաստանը չի կարող իրենց հասնել:

Ի դեպ, այս համատեքստում և հատկապես Ֆրանսիայի հետ կապված, Ալիևը հարկ է համարել հայտնել, որ Ադրբեջանում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունները չեն տուժի, որովհետև Ֆրանսիան հակաադրբեջանական քաղաքականություն և քարոզչություն է տանում:

168.am-ը դեռ անցած տարվա հուլիսին գրել էր, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ազդում բիզնես շահերի վրա՝ ֆրանսիական Total Energies-ը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում:

Իսկ Ադրբեջանի նախագահը նաև ակնարկել էր, որ վերջին ամիսներին ֆրանսիական կառավարության ներկայացուցիչներից հարաբերությունների կարգավորման ազդակներ են ստացել:

Նշենք, որ 168.am գրել էր, որ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն երբեք հայամետ չի եղել, միշտ դեմ է քվեարկել պրոհայկական բոլոր բանաձևերին, և թեպետ վերջերս մեղմացել են նրա այդ դիրքորոշումները, սակայն նա լավ կապեր ունի ադրբեջանական-թուրքական բլոկի հետ:

Մենք նաև մանրամասն վերլուծություն էինք ներկայացրել Փաշինյանի ֆրանսիական կայացած և Մակրոնի չկայացած այցերի հետքերով, և, որ «Ֆրանսիայի նախագահի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի»:

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել է արձագանքել Ալիևի սպառնալիքներին, որտեղ նա նախկինի նման չի շեշտել, որ եռակողմ հայտարարությունում միջանցքի մասին խոսք չի եղել, չի անդրադարձել «Ղազախի գյուղերի» վերադարձի մասին Ալիևի պնդումներին, հստակ չի հայտարարել, որ չի պատրաստվում հանդիպել «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին:

Փաշինյանը հստակ չի հայտարարել նաև, որ ոչ մի ռազմական պայմանագիր էլ չեն պատրաստվում խզել ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ մեկ այլ երկրի հետ, փոխարենը՝ նա կրկնել է իր վտանգավոր առաջարկը սպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելու մասին, երբ Ադրբեջանն առանց այն էլ արդեն փորձում է միակողմանի վերահսկողություն սահմանել ՀՀ զինանոցի նկատմամբ՝ Փաշինյանի «թեթև ձեռքով»:

Այսպիսով՝ նա, ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դնում է բարդ իրավիճակում, ով ոչ միայն Ֆրանսիայի, այլև շատ այլ երկրների հետ սպառազինության գնման պայմանագրեր է կնքել, նոր պայմանավորվածություններ ձեռք բերել և ընդլայնել ռազմական համագործակցության աշխարհագրությունը, ինչն անգամ չի անտեսվել Բանակի կերպափոխման հայեցակարգում, որ լավ է մի քանի երկրից կախվածության մեջ լինել, քան մեկից՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

Այսինքն՝ Սուրեն Պապիկյանին բարդ իրավիճակներ են սպասվում, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական անվտանգության և իշխանության պահպանման, առանց մտածելու, պատրաստ է կատարել Ալիևի պահանջները, և նրան շատ քիչ է հետաքրքրելու, որ թիմակից նախարարը կարող է անհարմար իրավիճակում հայտնվել: Այնպես որ՝ ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ զինված ուժերին, գեներալներին՝ գործող և պաշտոնաթող, դժվար օրեր են սպասվում, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, հատկապես, եթե Ֆրանսիան էլ հանկարծ ինչ-ինչ շահերից ելնելով՝ լեզու գտնի Ադրբեջանի հետ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *