Փաշինյանը գերագույն հրամանատար իրեն չի համարում, կամ՝ հերոսականության «հանցավոր» փնտրտուքի մասին

Մոտ 20 օրից նշվելու է ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձը: Հնարավոր է՝ բանակի օրը Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր», և ոչինչ, որ օրեր առաջ հերթական անգամ «Եռաբլուրում» հանգչող հերոսներին «կռվացնում էր» կենդանի հերոսների կամ հարկ վճարողի հետ:

Ավելին, «Եռաբլուրի» տղաների հերոսությունը, ըստ էության, նա նույն հարթության մեջ է դիտարկել, ինչ աշխատատեղերի ստեղծման, միջավայրն աղբից զուրկ պահելու «հերոսությունները»:

«Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները, որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան:

Այս ընկալումից է բխում հուսահատության տեսությունը. եթե լավագույնները, հերոսներն այլևս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապես իմաստավորված և բարոյական ապրելու հանրային կամ հանրության որևէ անդամի ձգտումը:

Վերոնշյալ ընկալումը կարող է նշանակել նաև, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլևս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ, որտեղ զոհերը կլինեն անխուսափելի, և մենք «հանգիստ խղճով» կլրացնենք հերոսների մեր պանթեոնը:

Սա հասկանալիորեն սխալ, անընդունելի և կործանման ճանապարհ է, և այս ճանապարհից ետ կանգնելու համար պետք է հերոսության ընկալումը մոտեցնել սովորական մարդուն, առօրյա, սովորական կյանքին: Պետք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթության, ստեղծագործության մեջ, ամենօրյա վարքով ու գործելակերպով: Առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձևեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը և այլն. հազարավոր դեպքեր կարելի է նշել:

Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է և առօրյայի հերոսականացումը…»,- հոկտեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է Փաշինյանը:

Սա ոչ այլ ինչ է, քան հերթական մանիպուլյացիան կամ կեղծ թեզը: Այո, «Եռաբլուրում» հանգչող տղաների հերոսությունը հատուկ կերպով է ընդունվել, բայց մենք մեր կողքին ունեցել ենք նաև բոլոր պատերազմներից վերադարձած հերոսներ, որոնց հերոսությունը ևս չափազանց կարևորվել է, և նրանք տարբեր առիթներով ներկայացվել են հենց այդպես, օրինակ, Ապրիլյան պատերազմի հերոսներ և այլն:

Ավելին, եթե նայենք ՀՀ ազգային հերոսների ցանկը՝ կտեսնենք, որ այն ընդգրկում է բոլոր ոլորտները, և, որ այնտեղ միայն ռազմական գործիչներ չեն:

Ի դեպ, Արցախյան գոյամարտի գաղափարական հերոս, «Ազատագրական բանակի» հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանի խոսքը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում քաղաքական նպատակներով օգտագործած Փաշինյանը գիտի՞՝ ինչ սկզբունքով էր Արցախյան առաջին պատերազմի օրերին Ազգալդյանը մարտիկներ ընտրում:

Նա, մասնավորապես, ասում էր.

«Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք, էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել։ Ցանկացած ազգ, որ հող կհանձնի` դատապարտված է կործանման»։

Այսինքն, երբ Ազգալդյանը հայրենիքի համար զոհվողներ չէր փնտրում, նա ամեն ինչ անում էր, որ քիչ զոհեր լինեն, և այդպես էլ եղել է, որովհետև ազատագրված տարածքներում ապրողներ էին պետք:

Հիմա, երբ 44-օրյա պատերազմում մի քանի հազար զոհի, սեպտեմբերյան մարտերի օրերին ավելի քան 200 զոհի պատճառ դարձած երկրի ղեկավարը վատ է զգում, որ հերոս են համարում առաջին հերթին «Եռաբլուրի» տղաներին, մեղմ ասած, տարակուսելի է, եթե չասենք՝ սրբապղծություն է:

Իսկ 44-օրյա պատերազմի օրերին կարելի էր ավելի քիչ զոհ ունենալ, ավելին, 2020 թվականի պատերազմում զոհվել են տղաներ, որոնք շատ փայլուն մասնագիտական ապագա կարող էին ունենալ, դառնալ հարկ վճարող և դրանով հերոսանալ, այդ թվում՝ շատ կամավորներ:

Նրանք գնացին պատերազմ, որովհետև այդ պահին հայրենիքին այդպես էր նաև պետք օգնել, ինչի մասին նույն ինքը՝ Փաշինյանն էր խնդրում իր մարտակոչերում՝ ուղղված ՀՀ-ում և Սփյուռքում բնակվողներին:

Այս համատեքստում հավելենք, որ 44-օրյա պատերազմի օրերին թշնամու գնդակից զոհվել էր նաև Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանը, ում հետմահու «Արցախի հերոսի» կոչում էր շնորհվել:

Նա կարող էր, չէ՞, հեռվից ֆինանսապես օգնել Արցախին այդ օրերին: Կարող էր: Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հերոսության մասին իր մանիպուլյատիվ և բաժանարար թեզն է առաջ տանում, մտածո՞ւմ է, թե ինչ է զգում, օրինակ, Արմեն Կնյազյանի ընտանիքը:

Իսկ այսօր Հայաստանում, ավելի, քան երբևէ, հերոսություն է սահմանամերձ բնակավայրերում ապրելը:

Ի դեպ, հերոսականացման առօրեականացումից խոսող Փաշինյանը կարո՞ղ է ասել, թե ինչու 44-օրյա պատերազմի օրերին շարքային ոչ մի զինվոր ՀՀ ազգային հերոսի կոչման չի արժանացել:

Մյուս կողմից, նրա այս թեզը ծիծաղելի է, քանի որ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին 71 հոգու «Մարտական խաչով» է պարգևատրել, երբ այդ մարտերին այդքան մարդ մասնակցություն չի էլ ունեցել:

Հուլիսյան մարտերից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել, թե լավ կլինի, որ իշխանությունները հանրությանը բացատրեն՝ հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»: Ի դեպ, այս փաստը նաև զինվորականության շրջանում էր դժգոհության տեղիք տվել:

Այս ամենն ունի պարզ պատասխան՝ Փաշինյանը ոչինչ չի արել հանուն բանակի, եթե անգամ այդպես է ներկայացրել, ապա նրա բոլոր քայլերը եղել են զուտ քաղաքական և ընդդեմ ինչ-որ բանի, ինչ-որ մեկի:

Այսինքն, Փաշինյանը բանակի հանդեպ միշտ էլ ատելություն է ունեցել, և դրանք նաև պայմանավորված են որոշակի հանգամանքներով և բարդույթներով, և ոչինչ, որ քաղաքական շահերից ելնելով՝ այն այլ փաթեթավորմամբ է ներկայացրել:

Իսկ Փաշինյանն իր իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ, մասնավորապես, ցույց է տալիս վերջին երկու տարում, երբ Նոր տարվա նախաշեմին չի գնում զորամասեր և մարտական հենակետեր՝ շնորհավորելու զինվորներին:

Նա դա չի արել 2023 թվականի ավարտին կամ Ամանորին ընդառաջ, ինչը 168.am-ն արձանագրել էր, երբ դեկտեմբերի 30-ին Ջերմուկ էր այցելել, բայց չէր եղել Ջերմուկի դիրքերում:

Եվ էական չէ, որ այդ ժամանակ Ջերմուկում, ըստ նախնական պայմանավորվածության, Փաշինյանը հանդիպում էր ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ:

Իսկ այս տարի Փաշինյանը նույնիսկ դա չի արել, փոխարենը՝ ֆեյսբուքյան ակտիվ ուղիղ եթերներ է մտել, գրառումներ արել բանտային կյանքից, քովիդ-թեստեր հանձնել, նախկին նախագահներին բանավեճի հրավիրել և այլն:

Մի խոսքով՝ բլոգերություն է արել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանն իրեն առնվազն դե ֆակտո ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատար չի համարում: Իհարկե, սա չի խանգարի, որ, օրինակ, բանակի օրվա ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարություն գնա, իսկ այնտեղ էլ նրան, իհարկե, պատվի կառնեն, մի կողմ թողնելով վերը նշվածը:

Ի վերջո, 2024 թվականին մի քանի նոր գեներալ ենք ունեցել, որոշները կադրային առաջխաղացումներ են ունեցել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը կշարունակի բանակի դեմ «հաղորդում տալ» և ապացուցել, որ 44-օրյա պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն բանակն է…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *