2025 թվականի էական արտաքին քաղաքական հարցերից մեկը, անշուշտ, լինելու է այն, թե ինչ որոշում կկայացվի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի առնչությամբ: Ընդ որում՝ էական հարցը այն չէ՝ կմնա՞ն դիտորդները, թե՞ ոչ: Էական հարցն այն է, թե ինչ պայմաններով կմնան դիտորդները, այդ որոշման հարցում ի՞նչ սուբյեկտներ կլինեն ներգրավված՝ Հայաստանից ու ԵՄ-ից բացի:
Անկասկած է, որ Ադրբեջանն ակտիվ ջանք է գործադրում այդ հարցում ներգրավված լինելու ուղղությամբ: Դրանով է պայմանավորված, որ Բաքուն դնում է ԵՄ դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու պահանջը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման: Խոսքը, իհարկե, ընդհանրապես երրորդ երկրների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին բացառելու մասին է: Ադրբեջանի այդ դիրքորոշումը կամ ստեղծում է փակուղային վիճակ, կամ դառնալու է Ադրբեջանի հետ որևէ կերպ պայմանավորվելու պատճառ:
Իսկ այստեղ արդեն կարող է առաջանալ Թուրքիայի հարցը, երբ Բաքուն դիտորդների տեղակայմանը համաձայնի, եթե առաքելության կազմում լինեն նաև Թուրքիայի ներկայացուցիչներ: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու՝ դրա այսպես ասած իրավական, տեխնիկական հնարավորությունը ԵՄ դիտորդական առաքելության մասին համաձայնագիրն ունի: Ինչպե՞ս կվերաբերի դրան ԵՄ դիտորդական առաքելության առանցքային դերակատարներից մեկը՝ Ֆրանսիան: Ակնառու է, որ այդ հարցում Հայաստանին սպասում է բարդ քաղաքական հանգույց:
Երևանը փորձում է այդտեղ մանևրել հայտնի առաջարկով՝ դիտորդներին հեռացնել սահմանի այն հատվածներից, որոնք կլինեն սահմանագծված և սահմանազատված: Այսօր այդպիսի հատված, այն էլ մեծ վերապահումով, հնարավոր է համարել Կիրանցի հատվածը: Երևանը գուցե փորձում է այդ կերպ Ադրբեջանին մղել սահմանազատման և սահմանագծման, այսպես ասած՝ շահագրգռելով գնալ այդ գործընթացին, եթե Բաքուն ուզում է, որպեսզի սահմանին չլինեն դիտորդներ:
Բայց այստեղ է նաև վերը նշածս ինտրիգը՝ Բաքուն իրապես ուզում է, որ դիտորդներ չլինե՞ն, թե նրանց կազմում լինեն Թուրքիայի ներկայացուցիչներ: Բոլոր դեպքերում ակնառու է, որ Ադրբեջանի վարքագիծը բացարձակապես ապակառուցողական է, ու Երևանին դրա դեմ մենակ թողնելը որևէ կերպ չի կարող նպաստել խաղաղության օրակարգին: