Նախագահ Ջո Բայդենն արգելել է նավթի և գազի նոր արդյունահանումը ԱՄՆ ափերի մեծ մասի մոտ՝ ծովում, օֆշորային գոտիներում։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է որոշումը՝ խոստանալով հասնել դրա չեղարկմանը և ընդլայնել ամերիկյան՝ հանածո էներգակիրների արդյունահանումը։
Ընդգծենք՝ Բայդենի վարչակազմի սահմանված արգելքը չի վերաբերում արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող նախագծերին՝ նավթագազային արդյունահանմանը։ Որոշումը հիմնականում վերաբերում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների այն տարածքներին, որտեղ չկան կարևոր հանքավայրեր։
Երկուշաբթի Սպիտակ տունը հայտարարեց, թե Բայդենը, հիմնվելով դեռ 1953 թվականին ընդունված «Արտաքին մայրցամաքային շելֆերի հողերի մասին» (Outer Continental Shelf Lands Act) օրենքի վրա, որոշել է արգելել նավթի ու գազի արդյունահանումը ԱՄՆ արևելյան ու արևմտյան ափերին մոտ գտնվող շուրջ 625 միլիոն ակր կամ ավելի քան 2,5 միլիոն քառակուսի կիլոմետր ջրային տարածքում:
Բայդենի խոսքով՝ քայլը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գործադրվող ջանքերի մասն է և նպատակ ունի հասնել նրան, որ մինչև 2030 թվականը ամերիկյան հողերի և ջրերի առնվազն 30%-ը զերծ մնա հորատումից:
«Իմ որոշումը արտացոլում է այն, ինչ ափամերձ համայնքներում, ձեռնարկություններում և ծովափնյա այցելուներին վաղուց է հայտնի։ Ծովափին մոտ՝ ծովում հորատումը կարող է անուղղելի վնաս պատճառել մեր սիրելի վայրերին, և այն ամենևին էլ անհրաժեշտություն չէ մեր երկրի էներգետիկ կարիքները բավարարելու համար: Չարժե ռիսկի դիմել»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:
Ամերիկյան նավթի արդյունահանման մոտ 15%-ը բաժին է ընկնում դաշնային օֆշորային տարածքներին, հիմնականում՝ Մեքսիկական ծոցում, և, ըստ ԱՄՆ Էներգետիկայի մասին տեղեկատվության վարչության, նախորդ տարիներին այդ մասնաբաժինը աստիճանաբար նվազում է, քանի որ ցամաքում իրականացվող հորատումները ընդլայնվում են:
Այժմ աշխարհում Միացյալ Նահանգները առաջին տեղում է նավթի և գազի արդյունահանմամբ՝ շնորհիվ արդյունահանման զգալի աճի հատկապես Տեխաս և Նյու Մեքսիկո նահանգներում, ինչը պայմանավորված է հորատման գործում նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով և հանածո էներգակիրների նկատմամբ աշխարհում պահանջարկի աճով՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժման պատճառով:
Բայդենի հայտարարությունը արժանացել է հանրապետականների սուր քննադատությանը, նաև՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով խոստացել է վերանայել այն։
«Սա ծիծաղելի է. Ես անմիջապես կչեղարկեմ սա: Կչեղարկեմ այս արգելքը։ Ես իրավունք ունեմ անհապաղ չեղարկել այն»,- հայտարարել է Թրամփը։
Հարկ է նշել, որ Թրամփի մոտեցումը օֆշորային գոտիներում հորատման աշխատանքների նկատմամբ եղել է փոփոխական։ 2020 թվականին նա ստորագրեց կարգադրություն, որով մինչև 2032 թվականն արգելում էր հորատում իրականացնել Ֆլորիդայի, Ջորջիայի և Հարավային Կարոլինայի ափերամերձ ջրերում: Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ սկզբում Դոնալդ Թրամփը փորձեց ընդլայնել ծովային հորատումը, սակայն ափամերձ նահանգներում բախվեց լուրջ դիմադրության:
Այդուհանդերձ, 2024 թվականին՝ նախընտրական շրջանում, Թրամփը բազմիցս խոստացել է վերականգնել, իր բառերով ասած, ԱՄՆ «էներգետիկ գերակայությունը» ողջ աշխարհում՝ Միացյալ Նահանգներում ավելացնելով նավթի ու գազի արդյունահանումը: