Քաղաքականության ու բիզնեսի սերտաճման գաղտնիքը

2025 թվականին Հայաստանը մարելու է ավելի քան 2 միլիարդ դոլարի պետական պարտք՝ մայր գումար և տոկոսներ: Ընդ որում, առաջիկա տարիների համար այդ բեռը լինելու է «պարբերական»: Մեզանում տնտեսական խնդիրները դուրս են մնում հասարակական-քաղաքական պրոցեսներից, մինչդեռ տնտեսությունն է ձևավորում երկրի քաղաքական կենսունակությունն ու անվտանգային դիմադրունակությունը, տնտեսության կառուցվածքն ու տրամաբանությունն է ինքնիշխանության գործակցի հիմքը: 2024 թվականն այդ իմաստով Հայաստանի տնտեսության համար անարդյունավետ տարի էր, հետևաբար անարդյունավետ տարի էր Հայաստանի ինքնիշխանության համար:

Հայաստանի տնտեսության առանցքային բաժինը կազմեցին այսպես ասած վերարտահանումը և խաղային սեգմենտը: Պաշտոնական վիճակագրությամբ անգամ արձանագրվում է արդյունաբերական ներուժի նվազում, արտահանման իրական ծավալների նվազում, նվազում են օտարերկրյա ներդրումները, հատկապես խոշոր ներդրումային ծրագրերը: Հայաստանի տնտեսությունը շարունակում է զուրկ լինել թե ներքին, թե արտաքին դիվերսիֆիկացվածության էական, համակարգային միտումներից: Պատկերի մասին չեմ խոսում, որովհետև պատկերը փոխելու հարցում գործնականում պահանջվում է մեծ ժամանակ, խորքային, հետևողական քաղաքականություն, նաև ֆինանսական ռեսուրսներ:

Սակայն, պատկերի բացակայյության պայմաններում, մտահոգիչ է քաղաքականության բացակայությունը՝ պատկերը փոխելուն միտված քաղաքականության բացակայությունը: Փոխարենը, 2025 թվականը մեկնարկում է տնտեսության ոլորտում ակնհայտորեն ֆիսկալ նպատակներ հետապնդող մի շարք նախաձեռնություններով, որոնք բարձրացնելու են Հայաստանում մանր ու միջին բիզնեսի հարկային բեռը, ինչն առանց այդ էլ բավականին բարդ սոցիալ-հոգեբանական մթնոլորտում հղի է նրանով, որ այդ տիրույթում գործունեություն ծավալող շատ քաղաքացիներ պարզապես կարող են մտորել Հայաստանից հեռանալու մասին: Այս հարցերը Հայաստանում ունեն քաղաքական կապիտալիզացիայի կարիք: Նաև այստեղ է թերևս սոցիոլոգիական հարցումների այն պատկերի «գաղտնիքը», երբ հարցվածների ճնշող մեծամասնությունը հայտնում է քաղաքականությունից հիասթափվածության մասին: Պատճառն այն է, որ Հայաստանում քաղաքականությունն այդուհանդերձ ժամանակի ընթացքում կտրվել է «իրական տնտեսությունից»:

Խոսքը բնականաբար քաղաքականության ու բիզնեսի սերտաճման մասին չէ: Ցավոք սրտի, այն այսօր էլ շարունակում է մնալ բարձր, թեև թվում էր, թե պատկերը պետք է փոխվեր 2018-ից հետո: Ավելին, բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճում են, երբ իրական քաղաքականությունը կտրվում է տնտեսությունից և տնտեսական իրական թեմաները չեն ենթարկվում գործնական քաղաքական օրակարգային կապիտալիզացիայի: Այդտեղ էլ հանրության մեծամասնությունն է կտրվում քաղաքականությունից, որովհետև քաղաքականությամբ այդ պարագայում որպես կանոն հետաքրքրվում են միայն դրա անմիջական ֆինանսական էֆեկտի շահառուները կամ «թալանի վերադարձի» էպատաժը սպառող «Օպելի վարորդները»: Հանրությունն իր գերակշռող մասով մնում է այդ ամենից դուրս, լավագույն դեպքում՝ կողմնակի դիտող:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *