Ալիևը, հավանաբար, նախապատրաստվում է Իրանի շուրջ «ֆորս-մաժորին»

1989 թ. դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ նորաստեղծ շարժման Նախիջեւանի գրոհային խմբերը Մոսկվայում գտնվող Հեյդար Ալիևից հրահանգավորվելով՝ ավերել են ԽՍՀՄ-Իրան պետական սահմանի բոլոր ինժեներական կառույցները, կեսգիշերին հազարավոր «բաժանված եղբայրներ» հանդիպել և «օծվել են» Արաքսի ջրերով: Խորհրդային երկրի պատմության մեջ նախադեպը չունեցած այդ ակցիան տարիներ անց, երբ Հեյդար Ալիևն արդեն անկախ Ադրբեջանի նախագահն էր, պետական մակարդակով անվանվել է «աշխարհի բոլոր ադրբեջանցիների համերաշխության օր»:

Տարեմուտի ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, այդ մասին ոչինչ չի ասել: Տարածաշրջանում և աշխարհում իրավիճակը չափազանց անկայուն է: Չնայած Սիրիայում ունեցած անհաջողություններին, Իրանը շարունակում է մնալ առնվազն տարածաշրջանային լուրջ դերակատար: Իսկ «աշխարհի բոլոր ադրբեջանցիների համերաշխության օրը» գաղտնագրել է «բաժանված Ադրբեջանի միավորման» քաղաքականությունը:

Անցյալ դարում Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը Թավրիզը նվաճելու և «պատմական Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու» երկու փորձ արել են: Երկրորդը, որ Թավրիզում հռչակել է «դեմոկրատական հանրապետություն», կասեցվել է Մեծ Բրիտանիայի կոշտ միջամտությամբ: Ըստ երևույթին, Բաքվում սպասումներ կան, որ Իրանի շուրջ իրավիճակի սրացման դեպքում «հարավային Ադրբեջանը կապստամբի»:

Իլհամ Ալիևի զգուշավորությունը, թերևս, բացատրվում է «գատղտնին հայտնի չդարձնելու» մտադրվածությամբ: Բայց սահմանի մյուս կողմում, երեւում է, բավարար տեղեկացված են: «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 31-ին իրանական Ատրպատականի Արդեբիլ քաղաքում կայացել է «Քերբալայի նահատակների ոգեկոչման արարողություն»: Միջոցառումը գլխավոր է Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ իմամ Ամելին:

Իր ելույթում նա խստագույնս քննադատել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին և նրանց անվանել «ջհուդների գործակալ»: Կրոնական գործիչը հայտարարել է, որ Իրանի տիրական Շահ Իսմայիլի ժառանգները «պատրաստ են Բաքվում և այլ քաղաքներում կանգնեցնել իրանական դրոշը և եղբայրներին ազատել ջհուդական գերությունից»:

Ըստ «Թուրանի»՝ իմամ Ամելիի ելույթը, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հասցեին «վիրավորական արտահայտությունների հավաքածու» է, հեռարձակվել է Իրանի պետական եհռուստատեսության ալիքներով: Ադրբեջանական լրատվամիջոցը գտնում է, որ Էրդողանի և Ալիևի հասցեին իմամ Ամելիի հնչեցրած «վիրավորանքները համաձայնեցված են Իրանի հոգեւոր առաջնորդի գրասենյակի հետ»:

Վերջին տեղեկությունների համաձայն, որ փոխանցել է իրանական Arasnews-ը Թավրիզում ևս «ինքնաբուխ հավաքներ են կազմակերպվել»: Իրանի նախագահ Փեզեշքիանն էթնիկ ազերի է, տարիներ ի վեր խորհրդարանում ներկայացրել է իրանական Ատրպատականի բնակչության շահերը: Բացառված չէ, որ Ատրպատականում Թուրքիայի և Ադրբեջանի «ջհուդական քաղաքականության» դեմ բողոքի ակցիաները նաև ներիրանական հակասությունների դրսեւորումներ են:

Ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի «սպառազինումից» և հրապարակայնացրել, որ ընթացիկ տարում Ադրբեջանը ռազմական ծախսերը ծրագրել է 8 միլիարդ մանաթի չափով: Ըստ երևույթին, Հայաստանին արվող վերագրումները հիմնականում քարոզչական են: Ալիևը, հավանաբար, նախապատրաստվում է Իրանի շուրջ հավանական «ֆորս-մաժորին»: Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը հրապարակել է 1941 և 2025թվականների օրացույցը, որ «նույնական են»: Բավական խորհրդանշական է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *