• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսության աջակցության ծրագրի շահառուները. երբ և ինչպես դիմել

ByEditor

May 25, 2023

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

Ծրագրի հիմնական նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Ծրագրի մասնակիցներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (շահառու) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագիրն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն մինչև հողերի գնման և միավորման աշխատանքներ սկսելը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում և տեղեկանք Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ:

Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված՝ հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացները սույն ծրագրին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։

Ծրագրով չնախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցում չի տրամադրվում:

Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 10 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։

Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 10-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,
մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը,
առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո,
միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն փոխհատուցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի մասնակցության դիմում

Փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր

Եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու ձևաչափ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն` 011 297 338, Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ 011 523 793 հեռախոսահամարով։