Ադրբեջանական թելեգրամ ալիքները, եվրոպական վտարանդիության մի շարք ազդեցիկ դեմքերի սոցցանցային գրառումները համառորեն պնդում են, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակթաու քաղաքի օդնավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խորտակված՝ AZAL ավիաընկերության Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռը խոցվել է: Նույն ժամերին, ըստ շրջանառվող վարկածի, Գրոզնին ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, աշխատել է ՀՕՊ համակարգը:
Տարածված լուսանկարներում տեսանելի է, որ օդանավի ֆյուզելաժի վրա առկա են «խոցման բազմաթիվ հետքեր»: Ըստ որոշ աղբյուրների՝ Գրոզնիի օդանավակայանի դիսպետչերական ծառայությունն ադրբեջանական օդանավի վայրէջքը «պարզապես արգելել է», անձնակազմն ընդունել է Բաքու վերադառնալու որոշում, բայց Մախաչկալայի մոտ թեքվել է արևելք և ուղղություն վերցրել դեպի Ակթաուի օդանավակայան, քանի որ Կասպից ծովի վրայով թռիչքն ավելի հարմար է գնահատել:
Աղետի շուրջ տարածված ամենաինտրիգային տեղեկատվությունն այն է, որ նույն ժամին Գրոզնիի օդանավակայանի շրջանում է գտնվել նաև «Իլհամ Ալիևի օդանավը»: Ադրբեջանի նախագահը, ըստ տեղեկությունների, թռչում էր Մոսկվա, որտեղ գումարվում էր ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին ֆեյսբուքի անձնական էջում գրել է, որ Ալիևն «անհապաղ Բաքու վերադառնալու որոշում է ընդունել՝ հենց որ օդանավի կործանման մասին նրան զեկուցել են»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Գրոզնին և Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքն ուկրաինական ԱԹՍ-ների կողմից հարձակման ենթարկվելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, բայց աղբյուրները հայտնում են, որ չեչենական հատուկ նշանակության «Ահմատի» երկու զորանոցներում պայթյուններ են որոտացել։
Իրավիճակին լրացուցիչ ինտրիգ է հաղորդել Ղազախստանի կառավարության որոշումը. Աստանան մերժել է աղետի պատճառների հետաքննությանն Ադրբեջանի և Ռուսաստանի մասնագետների ներգրավումը: Tengrinews-ի ձևակերպմամբ՝ ռուս և ադրբեջանցի քրեագետները և տեխնիկական փորձագետները կարող են միայն դիտորդ լինել: Ղազախական կողմը հայտարարել է խորտակված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերելու մասին և հատուկ ընդգծել, որ այն կգտնվի ղազախստանցի մասնագետների տրամադրության տակ։
Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակումից մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ հեռախոսազրույցի ձևաչափով շնորհավորել է նախ Վլադիմիր Պուտինը, ապա՝ Ռեբեփ Թայիփ Էրդողանը, իսկ դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ռուս-ադրբեջանական հատվածում մաքսային և սահմանային կարգավորումների մասին համաձայնագիր:
Նույն օրն Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովան ընդունել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Գուսևին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության «զարգացման հետ կապված հարցեր»,-իսկ դրան նախորդել է ուկրաինական կողմի կտրուկ հայտարարությունը, որ իր տարածքով ռուսական գազը որպես ադրբեջանական տարանցելու առաջարկը մերժվում է:
Ավելի վաղ, երբ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել էին Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ՌԴ ռազմածովային ուժերի հենակայանը, մենք ռուս-ուկրաինական պատերազմն Ադրբեջանի սահմաններին մոտենալու մասին դիտարկում էինք արել: Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետի հետ կապված խճճված պատմությունը, որի իրական մանրամասնություններն, ամենայն հավանականությամբ, երբեք չեն հրապարակայնացվի, վկայում է, որ Մոսկվա-Կիև դիմակայությանը Բաքվի ներգրավվածության շատ իրական հեռանկար կա: Նույնիսկ եթե Ադրբեջանի «թիվ մեկ բորտն» այդ ժամին Չեչնիայի օդային տարածքում չի եղել, ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ծանր նստվածք կլինի», եթե հաստատվի, որ AZAL-ի օդանավը խոցվել է ռուսական «Պանցիրի» հրթիռից: