• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ առևտրային բանկերը՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ո՞ր բանկերն են առաջատար եռյակում

ByEditor

Apr 28, 2023

ՀՀ բանկերը շարունակում են իրենց տեղը զբաղեցնել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:
Այս ցուցակին է միացել Ֆասթ բանկը։ Մնացյալ 17 բանկերը միասին 2023թ-ի առաջին եռամսյակում պետբյուջե  են վճարել 13,389,340 հազ․ դրամի հարկ: Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 2%-ով:

 

2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ ՀՀ բանկերի դիրքը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերի օգնությամբ.

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի դիրքը 2023թ-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ դիրքային լուրջ հաջողություն է արձանագրել էվոկաբանկը՝ 147-րդ հորիզոնականից տեղափոխվելով 64-րդ հորիզոնական։
Դիրքային էական կորուստներ է արձանագրել Հայբիզնեսբանկը։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակում արձանագրած 33-րդ դիրքից այս տարվա առաջին եռամսյակում տեղափոխվել է 201-րդ հորիզոնականը։
779-րդ և 389-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Մելլաթ բանկը և Բիբլոս բանկը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիաբանկը և Հայէկոնոմբանկը 2023թ-ի առաջին եռամսյակում զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ, 22-րդ և 27-րդ հորիզոնականները։ Մինչդեռ 2022թ-ի առաջին եռամսյակում վերոնշյալ բանկերը դասավորված են եղել համապատսխանաբար հետևյալ դիրքերով՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 24-րդ, Ամերիաբանկը՝ 25-րդ, և Հայէկոնոմբանկը՝ 70-րդ։

1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցրած դիրքերն արդեն փաստում են, որ բանկերի կողմից պետբյուջե են վճարվում խոշոր գումարներ, որոնց ծավալներին կարող ենք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի կողմից 2023թ-ի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալները

Ինչպես երևում է Գծապատկեր 2-ից, Ակբա բանկը վճարած հարկերի ծավալով 17 բանկերի մեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ակբա բանկը 2023թ-ի առաջին եռամսյակում վճարել է 7,1 մլրդ դրամի հարկեր։  Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 3,1, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 3,3 անգամ։

Ամերիաբանկը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 2023թ-ի առաջին եռամսյակում պետբուջե վճարելով 1,98 մլրդ դրամ։ Ամերիաբանկի վճարած հարկերի ծավալները 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 28%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 19%-ով։ Նկատենք, որ վճարած հարկերի ծավալներով առաջին հորիզոնականում հայտնված բանկի հարկային մուտքերի ծավալները գերազանցել են  երկրորդ հորիզոնականում հայտնված բանկի վճարած հարկերի ծավալները մոտ 4 անգամ։
2023թ-ի առաջին եռամսյակում 1,8 մլրդ դրամ վճարած հարկերով երրորդ հորիզոնականում է հայտնվել Հայէկոնոմբանկը։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ 127%-ով, իսկ նախորդ եռամսյակում՝ 138%-ով ավելի շատ հարկ է վճարել։