«Եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչո՞ւ են խուսափում բանավիճել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ի պատասխան վարչապետի բանավեճի առաջարկի նախկին նախագահների հնչեցրած արձագանքին:
«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք ուղիղ եթերով ապացուցեք, թե որքան անպարտելի են ձեր փաստարկները: Ինչու՞ չեք ուզում ժողովուրդը տեսնի ձեր անպարտելիությունը ուղիղ եթերով»,- գրել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- նշել է նա։
Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին, հրաժարվել էին բանավիճելուց։