ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը հիշեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի դիտարկումը, որ Միացյալ Նահանգները նույնիսկ Դոնալդ Թրամփի նախագահությամբ հազիվ թե կամավոր հրաժարվնեն «բազմամիլիարդ գործարքներից և Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պատերազմի ընձեռած հնարավորություններից, որ թույլ կտան տասնամյակներ անց վերահաստատել ԱՄՆ գերիշխանությունը:
Հեղինակը մեջբերում է նաև ամերիկյան ուղեղային կենտրոններից մեկի՝ Wilson Center-ի զեկույցը, որ կազմվել է դեռևս 2023թ. հունվարին և ապացուցում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է աշխարհում ամրապնդել ԱՄՆ միանձնյա առաջնորդությունը: Ըստ ամերիկյան փորձագետների` Ուկրաինային հատկացված միջոցների ավելի քան 90 տոկոսը մնում է Միացյալ Նահանգներում և խթանում ռազմա-արդյունաբերական համալիրը, ստեղծում տասնյակ հազարավոր աշխատատեղեր:
Ռուսաստանցի վերլուծաբանի գնահատմամբ, որ, ամենայն հավանականությամբ, հեռու չէ պաշտոնականից, էությամբ լինելով գործարար, ներկայացնելով այդ աշխարհի շահերը, Միացյալ Նահանգների ընտրված նախագահը չի կարող նման փաստարկները և հիմնավորումներն անտեսել: Նա դիտարկել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի հրապարակային ելույթները և արձանագրել, որ պատերազմը քսանչորս ժամում կանգնեցնելու վճռականությունից նա հասել է «ես քննարկում եմ խնդիրը» ոչ մի կոնկրետություն չպարունակող խուսափողականության:
Ի վերջո հրապարակումն ամփոփում է, որ Ռուսաստանը, ինչպես դա միշտ է եղել, խաղաղություն կհաստատի միայնակ, միայն սեփական ուժերով: Իսկ խաղաղության ճանապարհը մեկն է՝ վերջնական, ամբողջական, լիակատար և անշրջելի ռազմական հաղթանակ, քանի որ ցանկացած կիսատ-պռատ պայմնավորվածությունները կբերեն նոր և, ամենայն հավանականությամբ, ավելի լայնածավալ ու արյունալի պատերազմի:
Ըստ էության՝ Ռուսաստանի պետական գործակալությունը գաղտնիք չի բացում, ընդամենը հանրամատչելի ձեւակերպումներով կրկնում է այն, ինչ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հունիսի 14-ին և վերահաստատել անցյալ շաբաթ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում և մամուլի ասուլիսում: «Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, բայց դրանք պետք է կառուցվեն գետնի վրա իրողությունների հիմքով»։
Ընդ որում՝ Մոսկվան մերժել է շփման գծի ներկայիս դրությամբ հրադադար հաստատելու, բուֆերային գոտի ստեղծելու, միջազգային ուժերի տեղաբաշխելու, այլ կերպ ասած՝ զինված համակամարտությունը սառեցնելու, քաղաքական և մյուս խնդիրներն ապագայում քննարկելու գաղափարը, որը, ըստ արեւմտյան մամուլի, պետք է ընկած լիներ ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագրի» հիմքում:
Կարելի է, թերևս, ասել, որ մամուլի, թեկուզ և պետական լրատվամիջոցների, հրապարակումները մասամբ են արտահայտում Ռուսաստանի պաշտոնական տեսակետը կամ զուտ քարոզչական ազդեցության համար են արվում: Բայց նման մոտեցումն իմաստ կունենար, եթե մամուլի և պետական հաստատությունների ու պաշտոնատար անձանց խոսույթի գոնե «ոճական տարբերություններ» արձանագրվեին:
Ինչի՞ հետ գործ ունենք: ԱՄՆ ընտրված նախագահը դեկտեմբերի 22-ին ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մտադրություն ունի: Նախապատրաստություն տարվո՞ւմ է: Ավելի վաղ Մոսկվան ակնարկել է, որ Վաշինգտոնի առաջարկությունները կքննարկի, երբ դրանք «կստանա գրավոր ձևակերպմամբ»: Նման փաստաթուղթ Վաշինգտոնը կարող է ներկայացնել միայն Թրամփի պաշտոնամուտից հետո:
Ընդ որում՝ չափազանց դժվար է կանխատեսել, թե «Թրամփի ծրագիրն» ինչ վերաբերմունքի է արժանացել կամ կարժանանա Եվրոպայում, որտեղ ուկրաինական պատերազմը գնահատում են որպես եվրոպական անվտանգությանն ուղղակի սպառնալիք: Մոսկվան Թրամփի հետ գոնե հրապարակային տիրույթում մեծ հույսեր չի կապել, իսկ վերջին շրջանի խոսույթից դատելով՝ այլևս չի հավատում, թե նա «Ուկրաինան կհանձնի»: Մնում է եզրակացնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը գոնե եկող տարվա ընթացքում չի ավարտվի: Եթե Պուտինը Թրամփին «չի հավատում», ուրեմն անվստահությունը ոչ միայն փոխադարձ, այլև չափազանց խորն է: