• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ

ByEditor

Mar 16, 2023

Մարտի 7-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց մարտի 25-ին Երևանում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղին հրավիրված լեգեոներների ցուցակը, որում տեղ էին գտել 15 ֆուտբոլիստներ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ազգային թիմին է միանալու նաև Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Փաստորեն, այս պահին ունենք ազգային հավաքական հրավիրված 16 խաղացողներ, որոնք ելույթ են ունենում արտերկրում։ Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների վերջնական ցուցակը Պետրակովը ամենայն հավանականությամբ կհրապարակի մարտի 19-ին, երբ ավարտվի Հայաստանի առաջնության 24-րդ տուրը։ Եթե հաշվի առնենք, որ պաշտոնական հանդիպումներին հայտացուցակում կարելի է ընդգրկել 23 ֆուտբոլիստների, ապա Պետրակովը Թուրքիայի դեմ խաղին կհրավիրի Հայաստանում ելույթ ունեցող 8-9 ֆուտբոլիստների։ Նկատենք, որ լեգեոներների ցուցակում չկա գեթ մեկ դարպասապահ, ինչը նշանակում է, որ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում կլինի 3 դարպասապահ։

Այո, վերջին ամիսներին ֆուտբոլի ֆեդերացիայի սելեկցիոն բաժինը լուրջ աշխատանքներ է կատարել ազգային թիմն ուժեղացնու ուղղությամբ։ Առաջիկա հանդիպմանը հրավիրվել են միանգամից երեք նորեկներ ի դեմս Նաիր Տիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և Հրանտ-Լեոն Ռանոսի։ Կարևորագույն խաղից առաջ սակայն Հայաստանի հավաքականի թիվ մեկ խնդիրը դարպասապահն է։ Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ վերջին տարիների ազգային հավաքականի հիմնական դարպասապահ 36-ամյա Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» սիրողական ակումբի հետ։ Այս թիմի սեփականատերերն են Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Սոբոլևն ու Գեորգի Ջիկիան։ Յուրչենկոն այս տարվա սկզբին հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկից» և թվում է, որ նա կհայտնվի հայկական որևիցե այլ թիմում, բայց․․․։ Այն, որ Յուրչենկոն հայտնվել է սիրողական թիմում խոսում է նրա խաղային որակների կտրուկ անկման մասին։ Սպասվածի համաձայն Պետրակովը Յուրչենկոյի չի հրավիրել Թուրքիայի դեմ խաղին Փորձենք հասկանալ, թե։ Հայաստանում հանդես եկող որ դարպասապահները կհրավիրվեն առաջիկա հանդիպմանը։ Յուրչենկոյի ազգային թիմում խաղալու պայամաններում երկրորդ դարպասապահը «Փյունիկի» ներկայացուցիչ Ստանիսլավ Բուչնևն էր։ Անցյալ տարի ազգային թիմ էին հրավիրվել նաև «Փյունիկի» մեկ այլ ներկայացուցիչ Հենրի Ավագյանը, ինչպես նաև «Ուրարտու»-ում ելույթ ունեցող Արսեն Բեգլարյանը։ Վերջինս տարիներ առաջ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն էր և աչքի էր ընկնում անկայուն և վատ խաղով։

Բեգլարյանի հետ հույսեր կապել ուղղակի չի կարելի։ Ազգային թիմի դարպասը պաշտպանել է Ավագյանը Ազգերի լիգայի խաղարկության Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում։ Ցավով պետք է ընդունենք, որ տեսադաշտում չկա գեթ մեկ դարպասապահ, որը խաղային որակներով կհամապատասխանի ազգային հավաքականին։ Նոյեմբերին տեղի ունեցած Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանել էր Բուչնևը։ Վերջինս մասնակցել էր նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ Երևանում կայացած հանդիպմանը։ Թույլ տալով կոպիտ սխալներ Բուչնևը խաղից հետո ներողություն էր խնդրել երկրպագուներից։ Եթե առաջիկա խաղին հրավիրվեն Բեգլարյանը, Բուչնևն ու Ավագյանը ապա ըստ ամենայնի Թուրքիայի դեմ խաղում մեր դարպասը կպաշտպանի Բուչնևը, բայց․․․։ Այսօր Հայաստանում կան ևս երկու դարպասապահ, որոնք կարող ենք համալրել ազգային հավաքականը։

Խոսքը «Ալաշկերտում» ելույթ ունեցող սերբ Օգնեյն Չանչարևիչի և «Արարատ-Արմենիայի» ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի մասին է։ Վերջիններս 5 տարուց ավել ելույթ են ունենում Հայաստանում և ՀՖՖ-ն կարող է նրանց այսպես ասած նատուրալիզացնել և հնարավորություն ընձեռնել խաղալու Հայաստանի հավաքականում։ Դիմել է արդյոք այդ քայլին ՀՖՖ-ն դեռևս հայտնի չէ։ Ամեն դեպքում չի կարելի բացառել, որ Թուրքիայի դեմ Հայաստանի հավաքականը կունենա նոր դարպասապահ։