Կենդանաբանական այգու պատասխանատուները վստահեցնում են, որ կենդանիները սովից չեն սատկել։
Երևանի կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Այս մասին ասված է Երևանի կենդանաբանական այգու տարածած պարզաբանման մեջ։Այգու պատասխանատուները վստահեցնում են, որ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե կենդանիները սովից են անկում, կապ չունեն իրականության հետ։
«Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել` բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։Վերջնական եզրակացության համար կենդանիների նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:«Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»,–նշում են կենդանաբանական այգուց:Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը երեկ գրել էր, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ։ Պարբերականը նշել էր, որ կենդանիների անկման պատճառը սովն է և պատշաճ խնամքի բացակայությունը։ Թերթի տվյալներով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը գլուխ չի հանում աշխատանքից, չարաշահումների և միջոցների վատնման մասին լուրեր են շրջանառվում:Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1950 թվականին, ունեցել է ավելի քան 700 կենդանի։ 2019թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։