• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պաշտոնյաների ճոխ և անպտուղ վոյաժները. Զարեհ Սինանյան

ByEditor

Mar 7, 2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 17-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում: Սակայն, վերադառնալուն պես նա կրկին մեկնելու է գործուղման: Զարեհ Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին մարտի 7-11-ը ներառյալ վարչապետի հրամանով գործուղվելու են Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին)՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով: Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նաեւ Սիրիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

Կան տեղեկություններ, որ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել կամ գոնե խոստումներ ստանալը, սակայն, հիշեցնենք, որ անցած տարի հարազատ Գլենդելում նա անփառունակ ընդունելության արժանացավ․ տեղի մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի եւ նրան մինչեւ անգամ դավաճան անվանեցին:

ԱՄՆ կատարած այցի մասին Սինանյանը հաշվետվություն դեռևս չի ներկայացրել, սակայն, լրահոսից պարզ է դառնում, որ հանձնակատարը Դալլասի հայ համայնքի անդամների հետ ներկա է գտնվել կիրակնօրյա պատարագին և այցելել է Սուրբ Սարգիս հայկական դպրոց, որտեղ դասավանդվում է և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Տեխասի մարդու իրավունքների հայկական կոալիցիային և հարցազրույց տվեց Dallas Morning News-ին։ Տեխասում նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի և կից դպրոց, որտեղ հանդիպում է տեղի ունեցել դպրոցի ղեկավարության հետ։ Ֆիլադելֆիայում հանդիպել է Սբ. Սահակ և Մեսորպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Մարկոս ​​Հայ Առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ: Ոչ մի հանդիպում ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ, նահանգների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Տպավորություն է, որ Սինանյանը պարզապես ճանաչողական, կամ եթե կուզեք՝ տուրիստական այց է կատարել ԱՄՆ:

Պակաս ոչ արդյունավետ չէր նաև Սինանյանի այցը ՌԴ: Վսեվոլոժսկ քաղաքում Գլխավոր հանձնակատարն այցելել է տեղի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Աստվածամայր եկեղեցի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան հայկական կիրակնօրյա նորաբաց դպրոց, որտեղ զրույց է ընթացել ուսուցչակազմի և աշակերտների ծնողների հետ: Հաշվետվության մեջ նշվում է, որ հանդիպումից հետո համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է «Կյանքի ճանապարհ» հուշահամալիր, ապա հյուրընկալվել «Զարթոնք» պարային համույթում: Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանը Ռուսաստան այցի շրջանակներում նախորդիվ հանդիպումներ էր ունեցել նաև Նիժնի Նովգորոդ և Մոսկվա քաղաքներում: Այցի բոլոր հանդիպումների կազմակերպիչների և մասնակիցների հետ կպահպանվի հետադարձ կապը` պայմանավածությունների շուրջ աշխատելու և հետագա համագործակցությունների համար: Այսինքն՝ ոչ մի հստակ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, իսկ գուցե՝ նման նպատակ չի եղել ի սկզբանե:

Հասկանալի է, որ Սինանյանի այս երկարատև վոյաժները պետական բյուջեի վրա կլորիկ գումար են նստում, իսկ ահա այդ գործուղման ՕԳԳ-ն շարունակում է զրոյի մոտ լինել և այդ մասին են վկայում հենց Սինանյանի կողմից ներկայացված անբովանդակ հաշվետվությունները: