• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Նոր Զովք». Կամայական գործողությունները կստեղծեն բիզնեսի համար ռիսկային միջավայր

ByEditor

Mar 2, 2023

«Նոր Զովք» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որը վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Օրեր առաջ հայտնել էինք մեր անհանգստությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող 29 սուպերմարկետում, ինչպես նաեւ գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում կատարվող գործողությունների վերաբերյալ՝ բերելով մի շարք փաստեր, որ դրանք կատարվում են օրենսդրության կոպիտ խախտումներով:

Հայտնել էինք նաեւ, որ բաց ենք օրենքի շրջանակում կատարվող բոլոր ստուգումների համար, սակայն իրավապահ մարմինների յուրաքանչյուր նոր քայլ խորացնում է մեր մտահոգությունն առ այն, որ փետրվարի 20-ից մեկնարկած այս գործողությունները ոչ թե ուղղված են փաստաթղթերի կամ շրջանառության ստուգմանը, այլ նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը եւ մեծ վնաս պատճառել: Իսկ ինչն առավել տարակուսելի է՝ պետական ռեսուրսը ծառայեցնել այլ մասնավոր շահերին․ ստիպված ենք գալ նման եզրահանգման:

Մենք լիահույս էինք, որ Քննչական կոմիտեն կվերանայի օրենքի հետ որեւէ առնչություն չունեցող այս աշխատելաձեւը, սակայն մարտի 1-ին կատարված ձերբակալությունները հակառակի մասին են վկայում եւ ստվերում օբյեկտիվ քննության մեր ու հանրության բոլոր սպասումները:

Չխախտելով նախաքննության գաղտնիության պայմանը՝ միայն նշենք, որ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ բերված են թվեր ու գումարներ, որոնք հաշվարկված են ենթադրությունների հիման վրա: Չեն կարող լինել նման խոշոր ու միտումնավոր անճշտություններ, իսկ եթե անգամ կան համակարգում տեխնիկական սխալներ, վստահ ենք, որ ցանկության դեպքում շատ արագ կարելի էր դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Սրա անհրաժեշտությունը վարույթ իրականացվող իրավապահ մարմինը չի տեսել, փոխարենը դիմել է նման ոչ իրավաչափ գործողությունների:

«Նոր Զովք» ընկերությանը հետեւողական է լինելու քննությունն օբյեկտիվ դաշտ վերադարձնելու, գործընթացի անօրինականությունները բացահայտող հանգամանքները ներկայացնելու եւ ընկերության բարի համբավը վնասելու փորձերը կանխելու հարցում:

Մենք վստահ ենք, որ բիզնեսի նկատմամբ նման կամայական ու ոչ իրավաչափ գործողությունները վնասելու են ոչ միայն «Նոր Զովքին», որը հազարավոր մարդկանց համար աշխատատեղ է այսօր, այլ ցանկացած տնտեսավարողի՝ ստեղծելով բիզնեսի համար ոչ կայուն ու ռիսկային միջավայր, ու նաեւ՝ կասկածի տակ դնելով պետության՝ վստահելի գործընկերոջ ինստիտուտը: Դրանից բխող բոլոր հետեւանքներով»: