• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Աշխարհն ավելի մոտ է գլոբալ աղետին, քան երբևէ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Feb 28, 2023

Արդեն մեկ տարի է` աշխարհը քայլում է չափազանց վտանգավոր ճանապարհով, որը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այո՛, արդեն մեկ տարի է` շարունակվում է ուկրաինական ճգնաժամը: Այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է իր ռազմական գործողություններն այդ երկրում՝ արձանագրելով որոշակի հաջողություններ, իսկ Հավաքական Արևմուտքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գլխավորությամբ շարունակում է ուկրաինական ուժերին միլիարդավոր դոլարների զենքերի մատակարարումը:

Իրավիճակը պատերազմի դաշտում իրապես մտահոգիչ է: Հազարավոր մահեր, սարսափելի արտագաղթ և ավերածություններ: Միջազգային հանրությունը փորձում է ազդել կողմերի վրա այս եղբայրասպանությունը դադարեցնելու նպատակով, սակայն ամեն ինչ ապարդյուն է: Թուրքիայի նախագահն ասում է, որ պետք է նպաստել Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության վերականգնմանը, որն աշխարհի համար վերջին հնարավորությունն է՝ խուսափելու միջուկային գերտերությունների ուղիղ ընդհարումից:

Չինաստանը մշակել է 12 կետից բաղկացած ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր տեսլականը, սակայն արդեն Հավաքական Արևմուտքը սկսել է կասկածել դրա արդյունավետության վրա: Մյուս կողմից ռուսական կողմը պնդում է, որ խաղաղ բանակցություններ հնարավոր են, եթե Կիևը և Արևմուտքը զենքերը վայր դնեն: Փաստացի, արդեն ՌԴ-ն ուղիղ կերպով Արևմուտքը համարում է հակամարտության անմիջական մասնակից: Բացի այդ՝ ՌԴ-ի համար կարմիր գիծ կարող է լինել Ղրիմի վրա հնարավոր հարձակումը, որը չեն հերքում ոչ Ուկրաինան և ոչ էլ Արևմուտքը:

Տեղեկատվական դաշտում լուրեր են տարածվում, որ ուկրաինական ուժերն Արևմուտքի օգնությամբ դիվերսիա են նախապատրաստում Մերձդնեստրյան Հանրապետությունում: Այս քայլը կարող է արդեն հանգեցնել տարածաշրջանային հակամարտության` մի քանի երկրի մասնակցությամբ: ԱՄՆ-ն և արևմուտքի մյուս երկրները համոզված են, որ մահաբեր զենքերի և միլիարդավոր դոլարների տրամադրումը թույլ կտան հաղթել միջուկային գերտերությանը: Այս մոտեցումն աշխարհը տանում է երրորդ աշխարհամարտին` բոլորիս համար անկանխատեսելի հետևանքներով:

Նույնիսկ դատաստանի օրվա ժամացույցը (Doomsday Clock), որը Չիկագոյի համալսարանի «Ատոմային գիտնականների տեղեկագիր» ամսագրի նախագիծն է, չափազանց պայթյունավտանգ է որակում աշխարհում նկատվող զարգացումները.

Ինչպես երևում է Գծապատկեր 1-ում, դեռևս Դատաստանի օրվա ժամացույցի հիմնադրման 1947 թ․-ին ժամացույցը ցույց էր տալիս, որ գլոբալ աղետին մնացել է 7 րոպե: Սա այն ժամանակահատվածն էր, երբ աշխարհը նոր էր դուրս եկել երկրորդ աշխարհամարտից և նոր աղետի հավանականությունը շատ մեծ չէր: 1991 թ․-ին աշխարհը գլոբալ աղետից հեռացել էր 17 րոպե: Սա լավագույն ցուցանիշն է, որը կապված է Սովետական Միության փլուզմամբ և երկրների միջև հարաբերությունների կայունացմամբ: Իսկ արդեն 2023 թ․-ին ժամացուցը ցույց է տալիս, որ աշխարհը չափազանց մոտ է գլոբալ աղետին և որին մնացել է ընդամենը 1.3 րոպե: 1947 թ․-ից ի վեր առաջին անգամ աշխարհն իսկապես հայտնվել է մի կետում, որտեղ չի կարողանում գտնել որևէ հավասարակշռության կետ:

Իրականացված վերլուծությունը կրկին և կրկին ցույց է տալիս, որ մարդկությունը չափազանց անհանգիստ է աշխարհում զարգացող իրադարձություններով: Այդուհանդերձ, գտնում ենք, որ կոշտ զենքի կիրառումից զատ մարդկությունը պետք է դրսևորի առողջ դատողություն և առաջացած խնդիրները փորձի լուծել ոչ թե ինքնավերացման, այլ փոխզիջման, փոխադարձ շահերի ընկալման և ճանաչման ճանապարհով: