• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բելգիան ԵՄ երկրներից ամենաշատն է ռուսաստանյան ակտիվներ սառեցրել

ByEditor

Feb 28, 2023

Բելգիան սառեցրել է €58 միլիարդի ռուսաստանյան ակտիվներ, սա ամենամեծ գումարն է եվրոպական բոլոր պետությունների շրջանում, ասված է երկրի ֆինանսների նախարար Վինսենթ Վան Պետեգեմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Անցած տարվա օգոստոսին այդ գումարը կազմել էր €50,5 միլիարդ։ RBC-ի փոխանցմամբ՝ արգելափակվել են նաեւ €191 միլիարդի ֆինանսական գործարքներ։ Հաղորդագրությունում նշվում է, որ «միջոցները տարածվում են սեւ ցուցակում ներառված 1789 ռուսաստանյան ընկերությունների կամ քաղաքացիների վրա»։

Ֆինանսների նախարարությունը նշում է, որ Բելգիայի մաքսային ծառայությունը խստացրել է ստուգումները Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ։ Ստուգվել է ավելի քան 90 հազար հայտարարագիր եւ գրեթե 8 հազար կոնտեյներ։ Երկիրը նաեւ լրացուցիչ տեղեկություններ է պահանջել մոտ 30 կոնտեյներների վերաբերյալ, որոնք ենթարկվել են փոխաբեռնման (վերաբեռնման): Այժմ ավելի քան 500 կոնտեյներ արգելափակված է Բելգիայի նավահանգիստներում, քանի որ սպասվում է դրանց վերաբերյալ հարցման պատասխանը։ Ներմուծման եւ արտահանման կանոնների խախտման պատճառով երկրում սկսվել է շուրջ 20 դատական գործընթաց, եւս 15-ը նախապատրաստման փուլում է։

ԵՄ այլ երկրներ ավելի փոքր գումարների են ՌԴ ակտիվներ արգելափակել: Օրինակ՝ Գերմանիայում փետրվարի 18-ին հայտարարել էին, որ Ուկրաինայում հակամարտության մեկ տարվա ընթացքում սառեցվել են €5,32 միլիարդի ռուսաստանյան ակտիվներ։ Այս գումարը ներառում է Կենտրոնական բանկի, պատժամիջոցների ենթարկված ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ակտիվները։ Անցած տարի դեկտեմբերին Շվեյցարիան հայտարարեց, որ փետրվարի 28-ից ի վեր արգելափակել է շուրջ $7,5 միլիարդ գումարի ռուսաստանյան ակտիվներ: