• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Brand Finance. Ամբողջ աշխարհում տեխնոլոգիական բրենդները զգալի էժանացել են

ByEditor

Jan 19, 2023

Brand Finance միջազգային խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ բրենդների գնահատված արժեքի հերթական վարկանիշը՝ Brand Finance Global 500-ը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

«Ամբողջ աշխարհում տեխնոլոգիական բրենդները զգալի կորցրել են իրենց արժեքը սպառողների պահանջարկի փոփոխության պատճառով, մինչդեռ գնաճը հարվածել է բազմաթիվ այլ ոլորտների բրենդներին»,- 500 ամենաթանկ բրենդների վարկանիշի արդյունքներն այսպես է մեկնաբանել Brand Finance-ի ղեկավար Դեւիդ Հեյը:

Նոր վարկանիշում փոխվել է առաջատարը. Apple-ի փոխարեն, որը կորցրել է $58 միլիարդ եւ այժմ գնահատվում է $297,5 միլիարդ, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Amazon-ը՝ $299,3 միլիարդ գնահատմամբ, որի բրենդը, սակայն, նույնպես նկատելի էժանացել է՝ $51 միլիարդով։

Brand Finance-ը նշում է, որ Apple-ի վրա ազդել է անցած տարվա միանգամից երկու հիմնական բացասական գործոն՝ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների գնանշումների ընդհանուր անկումը եւ մատակարարման շղթայի խաթարումը, ինչն Apple-ի համար արտահայտվել է iPhone-ի թերարտադրությամբ՝ անցած տարվա չինական կոշտ արգելափակումների պատճառով:

Բացի Apple-ից եւ Amazon-ից, նվազել են նաեւ այնպիսի տեխնոլոգիական բրենդների գնահատված արժեքը, ինչպիսիք են Samsung-ը (7% անկում), Alibaba-ն (56% անկում), Facebook-ը (42% անկում), WeChat-ը (19% անկում)։

Անցած տարի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ պահանջարկի անկումը հանգեցրել է նաեւ նրան, որ դրանցից երկուսը՝ Snapchat-ն ու Twitter-ը, դուրս են մնացել վարկանիշից՝ տեխնոլոգիական բրենդների թիվը 50-ից կրճատելով 48-ի։

Իր հերթին, զգալիորեն աճել է էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունների բրենդների արժեքը, ինչը բացատրվում է աշխարհի շատ երկրներում այդպիսի մեքենաների նկատմամբ պահանջարկի աճով։ Tesla բրենդը նախորդ տարվա համեմատ թանկացել է 44%-ով եւ հասել $66 միլիարդի՝ տեղ զբաղեցնելով լավագույն տասնյակում։ Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական BYD բրենդը թանկացել է 57%-ով՝ հասնելով $10 միլիարդի։ Այս երկու ընկերությունները դարձել են վարկանիշի առաջատարներ իրենց բրենդների արժեքի աճով։