• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Bank of America․ CBDC-ները կարող են հեղափոխել գլոբալ ֆինանսական համակարգը

ByEditor

Jan 19, 2023

ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of America-ն (BofA), հրապարակել է հետազոտություն՝ հայտարարելով, որ կենտրոնական բանկերի թվային արժույթները (Central Bank Digital Currency – CBDC) դրամական եւ վճարային համակարգերի բնական էվոլյուցիան են, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

«CBDC-ները չեն փոխում փողի սահմանումը, սակայն, ամենայն հավանականությամբ, կփոխեն այն, թե ինչպես կիրականացվեն փոխանցումներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Կենտրոնական բանկերի թվային արժույթները ներուժ ունեն հեղափոխելու համաշխարհային ֆինանսական համակարգը՝ դառնալով փողի պատմության մեջ ամենակարեւոր տեխնոլոգիական ձեռքբերումը»,- գրում են BofA-ի տնտեսագետները:

CBDC-ների թողարկումն ու աշխատանքը տեղի է ունենում բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործմամբ: Սակայն դրանք գործարկվում են կոնկրետ թողարկողի, այսինքն՝ կենտրոնական բանկի կողմից: Այսպիսով, CBDC-ները կարող են լիովին վերահսկվել իշխանությունների կողմից՝ ի տարբերություն կրիպտոարժույթների, որոնք թողարկվում են ապակենտրոնացված եղանակով, իսկ փոխարժեքը մեծապես կախված է շուկայի ընթացիկ իրավիճակից։

2021 թվականի իրենց հետազոտության մեջ BofA-ի փորձագետները կենտրոնական բանկերի թվային արժույթները որակել էին որպես «շատ ավելի արդյունավետ վճարային համակարգ, քան կանխիկը»: Նրանց կարծիքով՝ CBDC-ները կարող են «հեռավոր ապագայում ամբողջությամբ փոխարինել կանխիկ փողը»:

Նշվում էր, որ կենտրոնական բանկերի շուրջ 80%-ն ուսումնասիրում է CBDC-ի օգտագործման տարբերակներն, իսկ 40%-ն արդեն փորձարկում է:

Բանկի փորձագետներն ընդգծում էին, որ սեփական թվային արժույթները չգործարկած կենտրոնական բանկերը կարող են տեսնել իրենց արժույթների նկատմամբ պահանջարկի նվազում՝ «որոշ դեպքերում նշանակալի», ինչպես նաեւ «գլոբալ դերի» անկում: