Վրաստանում ավարտվել է նախագահի ընտրությունն ու այդ պաշտոնին ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն, ըստ էության, «Վրացական երազանք» կառավարող ուժի թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեյիլ Կավելաշվիլին: Ընդ որում՝ ոչ միայն առաջին անգամ էր, որ Վրաստանում նախագահի մեկ թեկնածու էր, քանի որ ընդդիմությունը բոյկոտում էր ընտրությունը, այլ առաջին անգամ թեկնածուն ընտրվել է ոչ թե ժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրողների կոլեգիայով:
Վրաստանի նախագահի ընտրությունն, իհարկե, հետաքրքիր է ոչ թե ընտրված նախագահով, քանի որ Վրաստանը խորհրդարանական կառավարմամբ երկիր է, այլ այն ներքաղաքական իրավիճակի համատեքստով, որ կա հարևան երկրում, որը Հայաստանի համար շատ կարևոր նշանակության բարեկամ և ռազմավարական գործընկեր պետություն է: Հիշեցնեմ, որ գործընկերության մասին հռչակագիր Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ընթացիկ տարվա հունվարի 26-ին, Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած այցի ընթացքում:
Վրաստանի նախագահի ընտրությանը նախորդել էր մի ուշագրավ իրադարձություն՝ վրաց ժողովրդին որոշել էր ուղերձ հղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Ընդ որում՝ դրան նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ մեկ այլ հետաքրքիր իրողություն՝ նա հեռախոսազրույց էր ունեցել Վրացական երազանքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ, չնայած այն հանգամանքին, որ Իվանիշվիլին չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, չունի որևէ պետական կարգավիճակ: Ինքնին այդ հանգամանքն արդեն իսկ հուշում է, որ Ֆրանսիայի նախագահը ունեցել է շատ էական հեռախոսազրույց և այդ իսկ պատճառով զրուցել Վրաստանի դե ֆակտո առաջնորդի, այլ ոչ թե դե յուրե առաջին դեմք վարչապետ Կոբախիձեի հետ: Այդ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահի ուղերձը բավականին ուշագրավ է:
Մի կողմից այն խրախուսում է այն օրակարգը, որը Վրացական երազանքի դեմ իր պայքարի այսպես ասած հիմքում է դրել վրացական ընդդիմությունը, մյուս կողմից, սակայն Մակրոնի ուղերձը ուներ բազմիմաստ ձևակերպումներ՝ կապված Վրաստանում խնդիրները երկխոսությամբ լուծելու բոլոր ուժերի պատասխանատվության վերաբերյալ: Վրաստանում, սակայն, գոնե առայժմ չի նշմարվում երկխոսության որևէ նախադրյալ կամ հեռանկար: Ավելին՝ Վրաստանի նախագահի ընտրությունը դարձել է ընդդիմության նոր ակցիաների պատճառ, իսկ Վրաստանի նախագահ, ի դեպ, նաև Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի ԱԳՆ նախկին աշխատակցուհի Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ չի ճանաչում նախագահի ընտրությունն օրինական և մնալու է իր պաշտոնին, չի թողնելու այն:
Զուրաբիշվիլին դեկտեմբերի 7-ին մեկնել էր Փարիզ՝ Աստվածամոր տաճարի վերաօծման առիթով: Փարիզ էր մեկնել նաեւ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն դրանից օրեր առաջ հայտարարել էր, որ սպասում են Տրամպի պաշտոնամուտին եւ ամեն ինչի մասին կխոսեն նրա հետ: Մինչ այդ, Թրամփը Փարիզում հանդիպում էր ունեցել Մակրոնի հետ: Փաստորեն դրանից երեք օր անց է Ֆրանսիայի նախագահը զանգահարել եւ խոսել Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Ֆրանսիան ստանձնել է Վրաստանում քաղաքական ճգնաժամը կարգավորողի դե՞ր, կամ պատասխանատվությո՞ւն: Ֆրանսիայի համար դա էական է, քանի որ առանց Վրաստանի հետ բարվոք հարաբերության՝ Փարիզը չի կարող կենսունակ խաղի հեռանկար ունենալ Կովկասում: Սա էական հարց է նաև Հայաստանի համար: Հետևաբար, Ֆրանսիան կամ պետք է հասնի Վրաստանում իշխանափոխության, կամ պետք է կարողանա որևէ սցենարի շուրջ պայմանավորվել Վրացական երազանքի հետ: Ընդ որում՝ առավել իրատեսական կարող է լինել երկրորդ տարբերակը, և թերևս նաև շահեկան տարբերակ Հայաստանի համար: