• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արմեն Նուրբեկյան. Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար

ByEditor

Dec 21, 2022

Կենտրոնական բանկի փոխնախագահի թեկնածու Արմեն Նուրբեկյանը ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտնել է, որ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազել և վստահեցրել է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար:

«2022 թվականի փետրվարին տեղի ունեցավ մեծ շոկ, որը ստեղծեց լուրջ գնաճային ճնշումներ: Գնաճային ճնշումների առաջին աղբյուրը միջազգային ապրանքահումքային գներն էին, իսկ երկրորդը՝ Հայաստանում արտաքին պահանջարկի շեշտակի աճը, ինչը պայմանավորված է ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից միջազգային այցելուների մեծ աճով», – ասաց Նուրբեկյանը:

ԿԲ-ն այս իրավիճակում իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 10.75% մակարդակի: Արդյունքում, թեկնածուի խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք 8.8% գնաճ, որը Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է, և 10.75% տոկոսադրույքի մակարդակ, որը ևս Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է:

«Այս պահի դրությամբ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազման միտումներ ցուցաբերել, բայց իհարկե, դեռևս շատ վաղ է այս հարցը լուծված համարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ, երբ խոսում է համեմատաբար ցածր գնաճի մասին, ի նկատի ունի միջազգային կոնտեքստն ու ստեղծված դժվար պայմաններն աշխարհում:

Նուրբեկյանը նշեց՝ հաշվի առնելով հատկապես պարենային ապրանքների բարձր գնաճը՝ գիտակցում է, որ շատ հայրենակիցների համար այս գնաճը ստեղծում է շատ մեծ դժվարություններ: «Իմ ուղերձն այստեղ շատ հստակ է՝ Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար», – շեշտեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *