Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև իր միջնորդական ջանքերի շնորհիվ պատանդների նոր խմբի փոխանակման մասին։ Այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Գործընթացի ընթացքում կողմերը փոխանակվել են յուրաքանչյուրը 175 ռազմագերիով։ Ընդհանուր առմամբ, փոխանակված ռազմագերիների թիվը կազմել է 350։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռազմագերիների փոխանակումը։
«Որպես բարի կամքի դրսևորում, Կիև են տեղափոխվել նաև շտապ բուժօգնության կարիք ունեցող 22 ծանր վիրավոր ռազմագերիներ», – հայտնել է գերատեսչությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս հաստատել է փոխանակումը` այն անվանելով «ամենամեծ փոխանակումներից մեկը» լայնամասշտաբ պատերազմի ընթացքում։
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել երկու երկրներին համագործակցության համար՝ նշելով, որ դա հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի վստահությունը ԱՄԷ-ի նկատմամբ և նրանց գնահատանքը ԱՄԷ-ի հանձնառությանն՝ աջակցելու երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին:
ԱՄԷ ԱԳ նախարարությունն ընդգծել է, որ երկիրը կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ և մեղմելու ճգնաժամի հետևանքները, որոնք առնչվում են փախստականների և բանտարկյալների հետ։
2025 թվականի սկզբից սա ռազմագերիների արդեն երրորդ խմբի փոխանակումն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։