• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լավրով. Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ներուժը սպառված է

ByEditor

Jul 21, 2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներուժը սպառված է, Եվրամիությունը (ԵՄ) ստիպված է ճշգրտումներ կատարել դրանցում, «ՌԻԱ Նովոստի»-ին եւ RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցների հերթական փաթեթին, որի մասին նախնական հայտարարվել է, ապա ի՞նչ է այն իրենից ներկայացնում. պատժամիջոցնե՞ր, թե՞ նույնիսկ պատժամիջոցների չեղարկում։ Երկու դեպքում էլ դա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն արդեն սպառել է բոլոր հնարավոր ոլորտները, որտեղ պատրաստ էր մեզ վնաս հասցնել: Հիմա ստիպված են մտածել՝ ինչ են արել եւ ինչպես է դա ազդում իրենց վրա»,- Լավրովի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը:

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսեցին բացասաբար ազդել հենց ԵՄ-ի վրա, ապա սահմանափակումների ռեժիմը ենթարկվել է ճշգրտումների՝ սպասարկելու համար ռուսաստանյան պարենի արտահանումը։

Լավրովի կարծիքով՝ Ռուսաստանն առանց լուրջ կորուստների կվերակողմնորոշվի դեպի այլ շուկաներ, եթե Եվրոպան հրաժարվի իր էներգակիրներից։ «Առանց լուրջ կորուստների կվերակողմնորոշվենք, ես դրանում կասկած չունեմ, գնորդ ունենք, պահանջարկ կա»,- ընդգծել է նախարարը։

Լավրովը նաեւ կարծում է, որ Եվրոպան չի գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզման եւ հեղուկ բնական գազի օգտագործմանը։ «Չեմ կարծում, որ նրանց շահերից է բխում ամբողջովին խզել բոլոր կապերը մեզ հետ եւ անցնել հեղուկ բնական գազին, որը ամերիկացիները փորձում են պարտադրել նրանց»,- պարզաբանել է նա։

Նախարարը հավելել է, որ եթե Եվրոպան հանկարծ փոխի իր դիրքորոշումը եւ Ռուսաստանին առաջարկի վերականգնել հարաբերությունները, ապա պետք է տեսնել՝ արդյոք դա ձեռնտու է Մոսկվային։

«Եթե ինչ-որ փուլում Եվրոպան հանկարծ ասի. «Մենք ոգեւորվեցինք, այնուամենայնիվ, շահագրգռված ենք, եկեք վերականգնենք մեր հարաբերությունները որոշ տնտեսական եւ առեւտրային ոլորտներում»,- կարծում եմ, այդ դեպքում չպետք է նրանց մերժել։ Բայց մենք պետք է տեսնենք՝ որքանով է դա մեզ ձեռնտու, եւ միայն դրանից հետո արձագանքենք»,- ասել է Լավրովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *